«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը դեկտեմբերի 9-ին «5-րդ ալիքի» եթերում անդրադարձել է նախորդ տարի իր կալանավորման մանրամասներին՝ հակասելով մի քանի օր առաջ նույն դեպքի վերաբերյալ ներկայացրած իր խոսքին։
Հարցազրուցավար Ագնեսա Խամոյանի հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նն էր զանգել և հրավիրել Վարդանյանին իր մոտ, ինչից հետո վարչապետի ընդունարանում իրեն կալանավորել էին, հիմնադրամի նախկին տնօրենը նշեց, որ այլ կերպ է եղել։
«Դա պլանավորված հանդիպում էր, որ պետք է լիներ։ Մենք պետք է քննարկեինք հիմնադրամի տարբեր հարցեր …։ Նախաձեռնողը հանդիպման ես էի, ես էի խնդրել հանդիպում, քանի որ կային հարցեր, որոնք պետք է քննարկվեին դրամահավաքի հետ կապված, առաջին հանդիպումը չէր, դա երկրորդ հանդիպումն էր»,- նշեց Վարդանյանը։
Արա Վարդանյանը, սակայն, այս հարցազրույցից չորս օր առաջ՝ դեկտեմբերին 5-ին, «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում, խոսելով վարչապետի ընդունարանում իրեն կալանավորելու մասին, պնդել էր, որ Փաշինյանն է իրեն հրավիրել հանդիպման։
«Երբ որ ես «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն էի, ինձ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրավիրեց հանդիպման իր գրասենյակ՝ կառավարության մասնաշենք․․․։ Այդպես էլ արեցի՝ գնացի, և վարչապետի ընդունարանում ինձ կալանավորեցին և ուղեկցեցին ԱԱԾ…։ Այսինքն՝ ինձ երկրի թիվ մեկ պաշտոնյան հրավիրում է հանդիպման, և այնուհետև ինձ իր ընդունարանում կալանավորում են»,- ասել էր Վարդանյանը։
Փաստացի՝ Արա Վարդանյանն օրերի տարբերությամբ իրար հակասող պնդումներ է անում՝ մի դեպքում հայտարարելով, որ կառավարություն է գնացել վարչապետի կանչով, մյուս դեպքում, որ հանդիպման նախաձեռնողը հենց ինքն է եղել։
Ինչո՞ւ ձերբակալվեց Ռոբերտ Քոչարյանը
Արա Վարդանյանը 5-րդ ալիքի եթերում անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորել էր, որ Քոչարյանը անցած տարի հուլիսին չի վերադառնա Հայաստան և չի ներկայանա Մարտի 1-ի գործով հարցաքննության։
«Երկրորդ նախագահը ամբողջությամբ խառնեց Նիկոլ Փաշինյանի առաջին էտապում ունեցած պլանները՝ իր վերադառնալով»,- ասաց Վարդանյանը։
Հիմնադրամի նախկին տնօրենը պնդեց, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո, որպես հակառակորդ, դիտարկել էր հենց Ռոբերտ Քոչարյանին, քանի որ վերջինս հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։
«…Նա (Նիկոլ Փաշինյանը-խմբ․) գիտեր, որ կա դաշտում Ռոբերտ Քոչարյան, որը արդեն իսկ հայտարարել էր, որ նա մտնում է քաղաքականություն։ Նիկոլ Փաշինյանը, քաջ գիտակցելով, որ Ռոբերտ Քոչարյանը, չնայած նրան, որ իր անվան հետ կապված բավականին վատ ինֆորմացիա էր ֆռում, չնայած դրան՝ նա կարող էր իր կողքը, իր շուրջը համախմբել լուրջ մարդկանց բազմություն, որոշեցին, որ Ռոբերտ Քոչարյանի ոտքը պետք է Հայաստանից կտրեն…»,- հայտարարեց Վարդանյանը։
Սակայն արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը մինչ հարցաքննությունը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։
Ռոբերտ Քոչարյանին ՀՔԾ հարցաքննության էին հրավիրել 2018 թ. հուլիսի 26-ին, և հենց այդ օրը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ բազմիցս է հայտարարել քաղաքականություն վերադառնալու մտադրության բացակայության մասին։
«Կարող ա մտածում են, որ վերջը, մոտակա սպասվելիք արտահերթ ընտրությունների իմ հնարավոր մասնակցության մասին և էն գլխից փորձում են չեզոքացնեն ինձ՝ իմ հնարավոր մասնակցությունից, թեկուզ վերջին 10 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել եմ, որ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունեմ, բայց այն դեպքն է, երբ արդեն դու քաղաքականությամբ չես զբաղվում, քաղաքականությունն է քեզանով զբաղվում»,- հայտարարել էր Քոչարյանը, իսկ լրագրողի ճշտող հարցին, թե կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Քոչարյանը արդեն ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում, վերջինս պատասխանել էր․ «Ես կարծում եմ՝ սրանով առաջին հերթին փորձում են չեզոքացնել իմ հնարավոր ակտիվ մասնակցությունն այդ գործընթացներում»։
Եվ միայն դրանից 20 օր անց՝ կրկին «Երկիր մեդիային» տված հարցազրույցում, անդրադառնալով լրագրողի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, Քոչարյանը պատասխանել էր․ «Համարեք, որ վերադարձել եմ։ Միանշանակ»։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ քաղաքականություն վերադառնալու մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը եղել է վերջինիս նկատմամբ քրեական գործ հարուցելուց հետո միայն, այլ ոչ թե առաջ, ինչպես պնդում է Արա Վարդանյանը։
Կաշառք՝ ընտրություններից առաջ
Խոսելով անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Արա Վարդանյանը հայտարարեց, որ դրանք տեղի են ունեցել կոռուպցիոն գործարքի պայմաններում․ «Ես ուզում եմ հայտարարել, որպես քաղաքական գործիչ, որ վերջին Ազգային ժողովի ընտրություններում եղել է աննախադեպ կոռուպցիոն գործարք։ Ընտրություններից առաջ ՀՀ կառավարությունը շուրջ 15 մլրդ դրամ, ըստ իս, բաժանեց կաշառք»։ Վարդանյանն այս հայտարարության հիմքում դնում է մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ կիրառված համաներումը․ «Դա կաշառքի բաժանում է, դա կարող էր արվել ընտրություններից հետո, դա արվեց ընտրություններից առաջ։ 15 մլրդ դրամ, դա շուրջ 30-35 մլն դոլար փող է»։
Վերոնշյալ համաներման մասին օրենքը Ազգային ժողովն ընդունել էր 2018 թ․ հուլիսի 12-ին։ Նշենք, որ այդ ժամանակահատվածում Ազգային ժողովում մեծամասնություն էր կազմում Հանրապետական կուսակցությունը, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը նշանակվեց համաներումից մոտ 4 ամիս անց` նոյեմբերի 1-ին։ Եվ պնդումը, որ կառավարությունն ընտրություններից առաջ է համաներումը իրականացրել, մանիպուլյացիա է։
Ի դեպ՝ համաներման արդյունքում վարչական իրավախախտումներ թույլ տված անձանց տուգանքները կազմել էին ոչ թե 15 մլրդ դրամ, ինչպես նշեց Վարդանյանը, այլ 13,7 մլրդ դրամ։
Այսպիսով, փաստենք, որ Արա Վարդանյանի՝ «5-րդ ալիքի» եթերում հնչեցրած որոշ հայտարարություններ ու պնդումներ ապակողմնորոշող են և չեն համապատասխանում իրականությանը։
Սևադա Ղազարյան