Հուլիսի 27-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման «Ալավերդի. պղնձաձուլարանը փակվում է, քաղաքը՝ դատարկվում» խորագրով ռեպորտաժի մեջ նշվել է, որ Ալավերդիում գործող պղնձաձուլական գործարանի «211 աշխատող դարձավ գործազուրկ տարեսկզբին, իսկ մոտ օրերս ևս 200-ը համալրեց գործազուրկների շարքը»:
Չնայած ռեպորտաժում նշված այս թվերին, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը նույն հաղորդման մեջ նշել է պղնձաձուլական գործարանի 640 անգործ մնացած աշխատակիցների մասին՝ դրա մեջ մեղադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ հետո արդեն նշյալ թիվը կրկնել է լրագրողը: Էդուարդ Շարմազանովն այս մասին նաև իր ֆեյսբուքյան էջում է գրառում կատարել:
Հայկական լրատվական կայքերից մի քանիսը (Livenews.am, BAVNEWS) հրապարակել են վերոնշյալ տեղեկատվությունը՝ հղում կատարելով Էդուարդ Շարմազանովի գրառմանը:
Fip.am-ը որոշեց ստուգել պղնձաձուլական գործարանի աշխատողների քանակի վերաբերյալ շրջանառվող թվերի ճշգրտությունը, քանի որ վերջին ամիսներին այն բավականին ուռճացվել է՝ շուրջ 600-ից մոտենալով 640-ին: Այսպես, նախևառաջ «Վալլեքս» խմբի ընկերությունների պաշտոնական կայքում նշվում է, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» («Էյ-Սի-Փի») ընկերությունն (Ալավերդու պղնձաձուլական գործարանը տնօրինող ընկերություն) ունի շուրջ 530 աշխատակից: Այսինքն՝ պաշտոնական տվյալներով ներկայացվում է ավելի քան 100 աշխատող պակաս, քան վերջին ամիսներին շրջանառվող «630, ավելի քան 600 կամ 640» թվերը։
Բացի այդ, «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի պարտադիր վճարումների բաժնում տեսնում ենք, որ «Էյ-Սի-Փի» ընկերությունն անցած ամիս կատարել է վճարում 492 000 դրամի չափով, ինչը նշանակում է, որ անցած ամիս ընկերությունն ունեցել է 492 աշխատող։
Իսկ վերջին 3 տարվա ընթացքում ամենաշատը 618 աշխատող է գրանցված եղել, այն էլ՝ 2017 թ. դեկտեմբերին: 2018 թ. փետրվարին աշխատողների թիվը եղել է արդեն 529-ը, իսկ ինչ վերաբերում է 2019-ին, ապա այս ժամանակահատվածում աշխատակիցների թիվը չի անցել 510-ը:
Այսպիսով, անցնող ամիսներին հանրային շրջանառության մեջ ներդրված «600 և ավելի աշխատակից կկորցնեն ընտանիք պահելու հնարավորությունը, եթե Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվի, քաղաքը կդատարկվի» քննարկումներում «Էյ-Սի-Փի» ընկերության աշխատողների թիվը ուռճացված է առնվազն 100-ով։ Եվ, փաստացի, «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական հաղորդման և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տարածած տվյալները չեն համապատասխանում իրականությանը:
Գայանե Գասոյան