ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 1-ին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով անցյալ տարի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատում:
«Ունենք կասկած, որ վառարանային վառելիքը հետո գնում է, կերոսինի հետ խառնվում է, և մենք շուկայում ունենում ենք անորակ նավթամթերք: Դուք շատ լավ հիշում եք, որ ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա պատճառով», — մասնավորապես, ասել էր Կարեն Կարապետյանը ԱԺ ամբիոնից:
Նույն կարծիքը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն արել էր Ավանում կուսակցության քարոզարշավի ժամանակ մարտի 13-ին:
«Այո՛, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիզվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում», — ասել էր վարչապետը:
Կարեն Կարապետյանի այս հայտարարությունները, սակայն, ըստ այլ գերատեսչությունների չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես, մարտի 14-ին ՊՆ-ն պաշտոնապես հերքել է բանակում անորակ վառելիքի հետ կապված խնդիրները՝ նշելով, որ վառելիքը ենթարկվում է ստուգումների, իսկ ապրիլյան պատերազմի ժամանակ տեխնիկայի խափանման դեպքեր չեն արձանագրվել:
«2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել», — իր հերթին, հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազությունը ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցմանը մարտի 17-ին:
Այս տեսակետը, փաստացի, հաստատում է նաև պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը, ով շաբաթներ առաջ հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիքի որակի խնդիր չի եղել:
Այսպիսով, ստացվում է, որ ՀՀ վարչապետի հայտարարությունները հերքվում են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նման իրավիճակում ակնհայտ է, որ կողմերից մեկն ակնհայտորեն ստում է:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես եկավ զեկույցով, ուր նաև նշվում էր, որ մարտական տեխնիկան չի կարողացել հասնել դիրքեր մարտկոցների և վառելիքի հետ կապված խնդրիների պատճառով: