Մարտի 14-ին Մոսկվա կատարած իր պաշտոնական այցի առաջին օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպեց մոսկվայաբնակ հայազգի բժիշկների և ուսանողների, Հայ-առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ներսիսյանի հետ:
Հանդիպման ընթացքում Սարգսյանն անդրադարձավ Ռուսաստանի հայ համայնքին՝ հայտարարելով, որ այն աշխարհում ամենաազդեցիկներից է: Ռուսաստանի հայկական համայնքը, անշուշտ, աշխարհում ամենամամեծաքանակն է և ըստ տարբեր գնահատականների, կարող է հասնել մինչև 3 միլիոնի:
Միևնույն ժամանակ, սակայն, Ռուսաստանում հայ համայնքը որևէ կերպ ներկայացված չէ իշխանությունում, այդ թվում՝ ՌԴ Պետական դումայում: Չնայած մեծաքանակ ռեսուրսներին և կարողություններին, ի դեմս հայտնի գործարարների, մեդիա դեմքերի և հասարակական գործիչների, հայկական շահերը Ռուսաստանում ըստ արժանվույն չեն ներկայացվում համայնքի կողմից, ինչպես դա արվում է աշխարհի հայաշատ այլ երկրներում, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ Ֆրանսիայում:
Այս երկրների համայնքները պարբերաբար կարողնում են բազմահազարանոց ակցիաներ անցկացնել, գործի դնել լոբբինգի լծակներ և օգտագործել գործող հայազգի պաշտոնյաների հնարավորությունները Հայաստանի համար պատասխանատու կամ օրհասական պահերին: Օրինակ 2015-ի ապրիլին ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Լոս Անջելեսում տեղի ունեցավ 130 հազարանոց երթ, այնինչ Ռուսաստանում ավելի փոքրաքանակ երթերը ոստիկանության կողմից կասեցվեցին: Տասնյակ հազարավոր մարդիկ նույն օրը մասնակցել են երթի Լիբանանում, որտեղ հայկական համայնքը անհամեմատ ավելի փոքրաթիվ է:
2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի դեմ հայկական համայնքները բողոքներ էին իրականացնում աշխարհի բազմաթիվ երկրներում, Մոսկվայում ԱԳՆ-ի շենքի մոտ բողոքի ցույցի դուրս եկավ միայն մոսկվայաբնակ Վախթանգ Սարգսյանը՝ միայնակ:
Ավելին, որպեսզի Ռուսաստանի հայ համայնքը որևէ կերպով դժգոհություն հայտնի Մոսկվայից Ադրբեջանին սպառազինություններ վաճառելու կապակցությամբ, անհրաժեշտ եղավ լրատվամիջոցների և հայաստանյան հանրային կարծիքի ճնշումը, ինչից հետո միայն Ռուսաստանի հայերի միությունը հանդես եկավ ոչ այնքան հստակ հայտարարությամբ:
Այս ամենը, փաստացի, վկայում է, որ չնայած մեծությանը, խոշոր ֆինանսական ռեսուրսներին, հանրաճանաչ մեդիա-դեմքերին և տեղեկատվական լծակներին Ռուսաստանի հայկական համայնքը չի կարողանում այլ երկրների օրինակով ներկայացնել հայկական շահերը և դրա պատճառներից մեկն էլ, անկասկած, Ռուսաստանում տիրող ոչ ժողովրդավարական մթնոլորտն է: