2012 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցեց որպես ընդդիմադիր ուժ: Վերջինիս հռչակած գլխավոր նպատակը ամբողջական իշխանափոխությունն էր:
ՀՅԴ-ն՝ ընդդիմություն
«Մենք գալիս ենք ամբողջական իշխանափոխության գաղափարով, որ պետք է ոչ միայն հեռացվեն այսօրվա իշխանավորները, այլև պետք է փոխվի այն համակարգը, որը ծնում և պահպանում է այս իշխանություններին: Լիակատար իշխանափոխություն կատարելու համար․․․», — 2012 թվականի քարոզարշավի ժամանակ հայտարարեց Արմեն Ռուստամյանը:
Բացի «ամբողջական իշխանափոխությունից» 2012 թվականին ՀՅԴ-ն ներկայացրել էր տնտեսական և սոցիալական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ։
Մասնավորապես, ըստ ծրագրի Հայաստանում միջին կեսաթոշակը պետք է կազմեր 63.000 դրամ, պետական բյուջեն պետք է եռակի, իսկ ՀՆԱ-ն կրկնակի աճեր։ Դաշնակցության ծրագրով նախատեսվում էր նաև 200 հազար նոր աշխատատեղերի բացում։
Եկեք տեսնենք, թե այս ծրագրի ո՞ր մասն է իրականացվել ըստ Ազգային վիճակագրական ծառայության։ Այսպիսով, ԱՎԾ տվյալների համաձայն Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 40.441 դրամ, պետական բյուջեն 2012-2015 միջակայքում աճել է ընդամենը 1,3 անգամ, ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում աճել է 1,8 անգամ, իսկ գործազրկության մակարդակը աճել է 1,2 տոկոսով։
2012 թվականին Դաշնակցության նախընտրական ծրագրերի մեջ էր մտնում նաև որոշ ոլորտների միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը անվճար դարձնելը։«Տնտեսության, աշխատաշուկայի և գիտության պահանջներին համապատասխան միջին մասնագիտական և բարձրագույն կրթությունը, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական հաստատությունները ամբողջությամբ կլինեն անվճար», — գրված է ՀՅԴ 2012թ-ի նախընտրական ծրագրում։
Սակայն, ԿԳՆ-ից տեղեկացանք, որ նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով առկա չէ այնպիսի մասնագիտություն, որին 2012 թվականից հետո ամբողջությամբ հատկացվի անվճար ուսուցման տեղեր։
ՀՅԴ-ն՝ իշխանություն
Ստացվում է, որ, լինելով փաստացի իշխանության մաս ու ղեկավարելով Կրթության և գիտության նախարարոթյունը՝ Դաշնակցությունը չի իրագործել անգամ սեփական նախընտրական խոստումը, որը պարտավորվել էր կատարել իշխանության գալու պարագայում։
ՀՅԴ-ն «ամբողջական իշխանափոխության» իր գաղափարից վերջնականապես հրաժարվեց, երբ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունների ընթացքում սկսեց սատարել դրանք նախաձեռնած Հանրապետական կուսակցությանը, իսկ 2 ամիս անց նրանց միջև ստորագրվեց քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրը։
Արդյունքում ՀՅԴ-ն Հայաստանի 18 նախարարություններից ստացավ Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման, Էկոնոմիկայի նախարարությունների պորտֆելները, ինչպես նաև երկու մարզպետի պաշտոն։ Հանրապետականի հետ համագործակցությունը ՀՅԴ-ը բացատրեց նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու և սեփական ծրագրերը իրագործելու ցանկությամբ։
Այսպիսով, ՀՅԴ-ը փաստացի չի իրագործել իր նախընտրական խոստումները։ Նրանք և′ որպես ընդդիմություն չեն հասնել իրենց գաղափարների իրագործմանը, և′ որպես իշխանություն ստանձնել են պատասխանատվություն ու չեն կարողացել ապահովել խոստացված տնտեսական և սոցիալական բարեփոխումները։