Հայաստանում օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, սակայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառված է հանրային և մասնավոր դպրոցների ազգային կրթակարգի պարտադիր ուսուցման առարկայացանկում և դասավանդվում է 5-11 դասարաններում։
Հայաստանի Հանրապետությում կրթության ոլորտի պետական պատասխանատուները հայտարարում են, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի հակասում օրենսդրությանը և կրոնական քարոզ չի իրականացնում:
ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը այս հարցում առավել առաջ էր գնացել և այս խնդրի մասին խոսողներին անվանել էր դրսից ֆինանսավորվողներ. «Մենք զեկույցի պատրաստման փուլում աշխատել ենք իրենց փորձագետների հետ: Ցավում եմ, բայց պետք է ասեմ, որ այդ «միտքը» հայտնվել է այդ զեկույցում Հայաստանի քաղաքացի, հասարակության մաս երևակայող, հայկական արմատներ ունեցող, բայց արևմտյան «մոդայիկ» տենդենցներից մեջ ֆինանսավորվող մարդկանց և կազմակերպությունների կողմից», — հայտարարել էր նախկին նախարարը՝ անդրադարձ կատարելով ՄԱԿ-ի երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի զեկույցին:
Այն, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան աշխարհիկ բնույթ չի կրում ապացուցում են ԿԳՆ կողմից հաստատված չափորոշիչները: Հանրակրթական ավագ դպրոցի «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ծրագիրը, որը նախատեսված է առարկան դասավանդող ուսուցիչների համար և նրանց հիմնական ուղեցույցն է հերքում է կրթության ոլորտի պատասխանատուների հավաստիացումները:
Օրինակ, վերը հիշատակված ծրագրի 30-րդ էջում ասվում է, որ ավագ դպրոցն ավարտող աշակերտը պետք է կարողանա մասնակցել ազգային-եկեղեցական արարողություններին, բացատրել դրանց իմաստն ու նշանակությունը:
Հետաքրքիր է հասկանալ, թե օրինակ ավագ դպրոցի մահմեդկանության, եզիդիզմի հետևորդ կամ աթեիստ երեխան ինչպե՞ս և ինչու՞ պետք է մասնակցի Հայ առաքելական եկեղեցու կրոնական ծեսերին:
Նույն ծրագրի 31-րդ էջում պահանջվում է, որ ավագ դպրոց ավարտող աշակերտը պետք է գիտակցի Աստվածաշնչի դերը իր կյանքում: Նույն հարցն այստեղ է առաջանում․ թե ոչ քրիստոնյա աշակերտը ինչպե՞ս է իր կյանքում պատկերացնելու Աստվածաշնչի դերը:
Նմանատիպ շատ փաստեր կան նշված ծրագրում, որոնք գալիս են ապացուցելու, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան աշխարհիկ բնույթ չի կրում և հակասում է հանրակրության աշխարհիկ լինելու օրենսդրական պահանջին:
Սակայն, ինչպես տեսնում ենք ՀՀ ԿԳՆ-ին այս ամենը չի հետաքրքրում, ավելին մշակվում է նոր ծրագիր, որը կրոնական քարոզը դպրոցներում առավել պետք է խորացնի: Պետական 50 դպրոցներում 2-4-րդ դասարաններում դասավանդվում է «Հայոց եկեղեցու պատմություն/քրիստոնեական դաստիարակություն» առարկան՝ որպես Կրթության նախարարության պիլոտային ծրագիր:
Հավանական է, որ շատ շուտով մենք այս առարկան ևս կտեսնենք բոլոր դպրոցներում և սրան ևս ստիպված կլինեն մասնակցել այլ կրոնական խմբերին պատկանող երեխաները:
Բորիս Մուրազի