Հայաստանի Հանրապետությունում շուտով կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մասնակից կուսակցությունները և դաշինքները արդեն սկսել են տարածել իրենց նախընտրական ծրագրերը՝ ներկայացնելով տնտեսական զարգացման իրենց տեսլականը:
Օրերս 15 առաջնահերթ քայլերից բաղկացած իր ծրագիրն է ներկայացրել նաև «Ծառուկյան» դաշինքը։ Ծրագիրը կարդալիս կարող է տպավորություն ստեծվել, որ դաշինքին հաջողվել է գտնել տնտեսությունն արագ զարգացնելու այն «կախարդական փայտիկը», որը վերջին տարիներին ՀՀ-ում հաջորդաբար պաշտոնավարած վարչապետերը այդպես էլ չէին կարողանում գտնել։
Սակայն մի փոքր ավելի ուշադիր ուսումնասիրելիս ակնհայտ են դառնում այս ծրագրի թերությունները և անիրագործելիությունը։
Ի՞նչ են խոստացել
Այսպես, ի թիվս մի շարք այլ առաջարկությունների ծրագրով նախատեսվում է ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ, բարձրացնել միջին կենսաթոշակները 25 հազար դրամով, ինչպես նաև ազատել փոքր և միջին ձեռնարկություններին հարկումից:
Անիրատեսական է
Այս ծրագրի մի շարք առաջարկներ ուղղակիորեն հակասում են տնտեսության պետական կարգավորման սկզբունքերին։ Ծրագրի հիմնական մեխերից մեկը նվազագույն աշխատավարձի բարձրացումն է մինչև 80 հազար դրամ, ինչն առաջին հայացքից դրական փոփոխություն է: Բայց և այնպես, պետք չէ լինել մակրոտնտեսագետ հասկանալու համար, որ նման կտրուկ աճին հաջորդելու են մասսայական կրճատումները, ընդ որում նաև պետական հատվածում: Ավելին, նման փոփոխության պարագայում կարող է ստեղծվել այնպիսի մի իրավիճակ, երբ գործատուն պատրաստ է նոր աշխատողներ վարձել, իսկ աշխատողը պատրաստ է ավելի ցածր աշխատավարձով աշխատանքի անցնել, բայց զբաղվածության աճ չի գրանցվում:
Առաջարկությունների մյուս խումբը, որով նախատեսվում է 3 տարով հարկային արձակուրդ տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին, ինչպես նաև համաներում կատարել առաջացած հարկային տույժերի և տուգանքների մասով ամենաուղիղ կերպով հակասում է արդար և արդյունավետ մրցակցային միջավայր ստեղծելու տրամաբանությանը: Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ այս դեպքում խոշոր կազմակերպությունները տարբեր մեթոդներով, այդ թվում առավել փոքր տնտեսական միավորների բաժանվելու տարբերակով, փորձելու են օգտվել այդ արտոնություններից: Դժվար չէ նաև գուշակել, թե դա ինչպիսի՞ ազդեցություն կունենա պետական բյուջեի վրա:
Զուգահեռաբար ակնհայտ է, որ առաջարկվող այս և այլ քայլերն իրականացնելու համար անհրաժեշտ կլինեն հսկայածավալ ֆինանսական միջոցներ: Մասնավորապես հաշվարկվել է, որ առաջարկվող քայլերի իրականացման համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 500 միլիարդ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2017թ. պետական բյուջեով նախատեսված է ապահովել 1,2 տրիլիոն դրամի եկամուտներ, ինչը նշանակում է, որ ծրագրի միայն մի մասն իրականություն դարձնելու համար կպահանջվի ծախսել պետբյուջեի եկամուտների 40 և ավելի տոկոսը:
Ակնհայտ է նաև, որ կարճաժամկետ կտրվածքում բյուջետային մուտքերի այսպիսի աճ հնարավոր չէ ապահովել, ուստի ծրագիրը անխուսափելիորեն հանգեցնելու է բյուջեի դեֆիցիտի և հետևաբար պետական պարտքի շարունակական ավելացման: Այդ պարտքը վերադարձնելու և տոկոսադրույքները վճարելու պարտականությունը վերջին հաշվով դրված է հենց նույն քաղաքացիների վրա: Ուստի և հանգում ենք զարգացման հունական մոդելի պարադոքսալությանը, երբ հարց է առաջանում, թե երկարաժամկետում հասարակ քաղաքացու համար որքանո՞վ են շահավետ այդ փոփոխությունները:
Այսպիսով, «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ծրագրի ամենամակերեսային քննարկումն անգամ վեր է հանում առաջարկվող քայլերի տնտեսական չհիմնավորվածությունն ու անիրագործելիությունը: