Երեկ՝ փետրվարի 20-ին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը կառավարության հանձնարարականի համատեքստում անդրադարձել է կրթության և գիտության ոլորտում ակնկալվող ներդրումային ծրագրերին՝ նշելով, որ ոլորտի ներդրումային պատկերը հաջողված է:
«Այն ծրագրերը, որոնք ենթադրում էին շարունակականություն, բնականաբար, 2017 թվականի ընթացքում շարունակվելու են՝ ապահովելով ոլորտում ներդրումային միջավայրի զարգացումը», — հայտարարել է ԿԳ նախարարը: Նախարարը իր խոսքում նաև հղում է կատարել մի քանի կարևոր ծրագրերի, որոնցից որպես ամենամեծ ֆինանսական ծավալ ունեցող առանձնացրել է «Կրթության բարելավում» վարկային ծրագիրը:
Այդուհանդերձ, արդեն նախորդ օրը փետրվարի 19-ին պարզ էր դարձել, որ վերոհիշյալ «Կրթության բարելավում» ծրագիրը կարող է կիսատ մնալ, քանի որ նախապես հաստատված բյուջեն հնարավոր է չբավարարի: Այս մասին փետրվարի 19 լույս 20-ի գիշերը մանրամասն հետաքննություն է հրապարակել «Հետքը»:
«Կրթության բարելավում» վարկային ծրագրի ընդհանուր 37,5 միլիոն ԱՄՆ դոլար կազմող բյուջեից մոտ 18 միլիոնը նախատեսված էր Հայաստանում ավագ դպրոցների հիմնանորոգման համար, սակայն մինչ օրս հիմնանորոգման աշխատանքներ սկսվել են և չեն ավարտվել հանրապետության թվով 5 դպրոցներում: Մյուս 12 դպրոցներում աշխատանքների սկզբի մասին դեռևս խոսք չկա:
Ավելին, «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շուրջ հնարավոր խնդիրների մասին պարզ էր Կրթության և գիտության նախարարության 2016 թվականը ամփոփող հաշվետությունից, ըստ որի մնացած 12 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքների արժեքը ըստ նոր հաշվարկների կկազմի 30.77 միլիոն ԱՄՆ դոլար: «Նոր հաշվարկը գերազանցել է ծրագրի գնումների պլանը 19,17 միլիոն դոլարով», — «Հետքի» փոխանցմամբ հայտնում է նախարարությունը:
Հետևաբար հարց է ծագում, թե ինչպե՞ս պետք է շարունակվի շարունակականություն ենթադրող «Կրթության բարելավում» ծրագիրը, և ինչու՞ է կրթության նախարարը լռում հսկայական գումարի անճշտության և կարևոր ծրագրի տապալման մասին: