Օրերս նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, խոսելով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերում իր մեղավորության մեղադրանքների մասին՝ նշել է, որ «Մարտի 1-ին զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարևոր օբյեկտների, գլխավոր օբյեկտների, որոնք որ ապահովում են մեր կենսունակությունը, պաշտպանությունը, և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պահպանել հանդուրժողականություն»:
Արդ փորձենք վերհիշել, թե ի՞նչ դերակատարում են ունեցել 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ Հայաստանի զինված ուժերը, և որքանո՞վ են պահեստազորի գեներալ-գնդապետ Օհանյանի խոսքերը ճիշտ (Օհանյանը այդ ժամանակ ԶՈւ գլխավոր շտաբի պետն էր):
Մարտի 1
2008 թվականի մարտի 1-ի ցերեկը պաշտպանության նախարարի շտաբի պետին (Սեյրան Օհանյանին) տրված հանձնարարությամբ մայրաքաղաք բերվեց ռազմական տեխնիկա (բեռնատարներ՝ զինված անձնակազմով): Ժամը 16-ից 17-ի միջակայքում այն տեղակայվեց Հանրապետութայն հրապարակի շրջակայքում, իսկ կառավարության շենքի մոտ հայտնվեց ՊՆ զրահատեխնիկան (1 БРДМ):
Նույն օրը, մութն ընկնելուն պես մարզերից դեպի Երևան շարժվեց անգամ թրթուռավոր զրահատեխնիկան (չսպասելով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանին): Հետևակի մարտական մեքենաների մի շարասյուն անգամ Նոյեմբերյանից է ճամփա ընկել դեպի Երևան: Կեսգիշերին մոտ զրահատեխնիկան արդեն կանգնեց Բաղրամյան պողոտայի վրա՝ 8-րդ պոլիկլինիկայի մոտ:
Մարտի լույս 2-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, զինված ուժերի ստորաբաժանումները, հետևակի մարտական մեքենաների ուղեկցությամբ, արդեն Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում նշանոցի տակ առան ցուցարարներին:
Մարտի 2
Սեյրան Օհանյանը նշում է, որ մարտի 2-ից զինված ուժերը անցել են այն օբյեկտների պաշտպանությանը, որոնք որ «ապահովում են մեր կենսունակությունը»: Այնինչ, մինջև ատամները զինված բանակային ստորաբաժանումները պահպանում էին այնպիսի տարածքներ ու «օբյեկտներ», որոնք որևէ կերպ չեն ընկնում Օհանյանի մատնանշած բնորոշման տակ:
Օրինակ, մարտի 2-ին զինված ուժերի զրահատեխնիկան տեղակայվեց Մաշտոց-Պարոնյան-Լուսավորիչ խաչմերուկում: Իսկ, այդ օրվանից սկսած, 19 օր շարունակ զինված ուժերի Գորիսից և Կապանից բերված ստորաբաժանումները հսկում էին Ազատության հրապարակը՝ քաղաքացիներին չթողնելով անգամ զբոսնել հրապարակով:
Թեպետ, այստեղ զարմանալու բան չկա, քանի որ մարտի 2-ին հենց ինքը՝ Սեյրան Օհանյանն է հեռուստատեսությամբ կոչ արել «խմբերով չհավաքվել»:
Հ.Գ. Նպատակ չունենալով մանրամասն անդրադառնալ 2008 թվականի այդ իրադարձությունների ժամանակ զինված ուժերի կիրառման բոլոր դրվագներին՝ արձանագրենք, որ ցուցարարների դեմ դրանց կիրառումը սկսել է մարտի 1-ին, իսկ մարտի 2-ից 20-ը բանակը մասնակցել է ոչ միայն «կենսունակությունն ապահովող գլխվոր օբյեկտների» պաշտպանությանը, այլև խաղաղ հանրահավաքների կանխարգելմանը: