Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը երեկ այցելել է Գյումրի՝ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը չեկավ Գյումրի, Միրզոյանը մատնանշեց վարչապետի զբաղվածությունը։
«Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք` Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից և շատ կուտակված բաներ կային, և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում», — ասել է փոխվարչապետը։
Նույն օրը՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքյան իր էջում շնորհավորեց գյումրեցիներին՝ ասելով, որ նոր է տեղեկանում տոնի մասին․ «Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք»։
Փաստորեն, այն ժամանակ, երբ Արարատ Միրզոյանը փոխանցում էր վարչապետի սերն ու շնորհավորանքը, վերջինս նույնիսկ տեղյակ չէր տոնի մասին և չէր կարող որևէ շնորհավորանք կամ բարեմաղթանք փոխանցած լինել։ Ավելին, դատելով Փաշինյանի գրառումից, նա բավականին բարկացել է իրեն տեղյակ չպահելու պատճառով՝ խոստանալով «գտնել և պատժել մեղավորին»։
Ռաֆայել Աֆրիկյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ
SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։