Նախօրեին politik.am կայքը պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանի վերաբերյալ ուշագրավ նյութ է հրապարակել՝ մեղադրելով նրան բյուջեի գումարների մսխման և պաշտոնը անձնական բարօրությանը ծառայեցնելու մեջ։
Հեղինակը գրում է՝ թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ է և ամուր փակի տակ է պահում կոռուպցիայի ու բյուջեից գողության դուռը, միևնույնն է կլինեն գործիչներ, որոնք կցանկանան իրենց պաշտոնը ծառայեցնել անձնական բարօրությանը:
«Վառ օրինակ է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը», — շարունակում է հեղինակը՝ ըստ էության, քրեական մեղադրանք առաջադրելով պաշտոնյային, իսկ, որպես ապացույց, վկայակոչում է անանուն աղբյուրները։
«Բան այն է, որ ՊԵԿ-ում ամեն տարի աուդիտ է իրակնացվում և դրա համար նախատեսված ծախսերը յուրաքանչյուր տարի կազմել է ոչ ավել քան 75 մլն դրամ: Ու ըստ շրջանառվող խոսակցությունների Դավիթ Անանյանը՝ պաշտոնի նշանակվելուց հետո, անհրաժեշտ աուդիտի համար պահանջվող գումարի չափը մեծացրել է մինչև 350 մլն դրամ ու արել ամեն բան, որպեսզի այդ գնումը իրականցնի իր մտերիմների անվամբ գրանցված «Փի-Էյչ-Փի Աուդիտ» ՓԲԸ-ն», — ասված է նյութում։
Հրապարակմանն արձագանքել է անձամբ ՊԵԿ նախագահը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով, որ նյութը զրպարտություն է և արատավորում է իր պատիվն ու արժանապատվությունը։
«Կցված հրապարակումը զրպարտություն է, որը իրականության հետ, բնականաբար, որևէ աղերս չունի և արատավորում է իմ պատիվն ու արժանապատվությունը։ Հետևաբար, լրատվամիջոցից պահանջում եմ պաշտոնական հերքում», — արձագանքել է Անանյանը՝ հրավիրելով նաև իրավապահ մարմինների ուշադրությունը։
ԶԼՄ-ների մասին օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ անձը իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից հերքում պահանջել իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունների վերաբերյալ, եթե լրատվամիջոցը չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:
Միևնույն հոդվածի 4-րդ մասում ասված է, որ պետական մարմինների մասին տարածված տեղեկատվության հերքումը կատարվում է 24 ժամվա ընթացքում: Հերքումը նաև իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
Այս ամենի փոխարեն politik.am-ը հրապարակեց մեկ այլ՝ «Ընկեր Անանյանը իրավապաներին առաջարկում է զբաղվել իր մասին «վատ բան գրող» լրատվամիջոցներով» վերտառությամբ նյութ, ինչը որևէ կերպ չի համապատասխանում օրենսդրական պահանջներին։
Ռաֆայել Աֆրիկյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ SUT.am-ը շուտով հանդես է գալու նոր՝ «Փաստերի ստուգման հարթակ» անունով և FIP.am կայքով։