Շուրջ մեկուկես տարի առաջ՝ 2015 թվականի հուլիսի 18-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Հակոբյանը նշանակվեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար։
Այս նշանակումն ուղեկցվեց սկանդալով, որը, թերևս, դարձավ մամուլում Վլադիմիր Հակոբյանի անվան ամենանշանակալի շրջանառումը։ Պարզվեց, լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանին, հենց Վլադիմիր Հակոբյանն էր սպառնալիքներով փորձել հավաքագրել իրեն (և ձախողվել էր)։ Այս թեման մամուլում շրջանառվեց Վլադիմիր Հակոբյանի նշանակումից անմիջապես հետո և ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը, կարելի է ասել, անցավ ընդհատակ։
Մամուլի խոսնակի պաշտոնը ենթադրում է, որ այդպիսի պարտավորություններ ունեցող անձը հաճախակի շփվում է ԶԼՄ ներկայացուցիչների հետ, բաց է մեկնաբանությունների համար, հասանելի է լրագրողներին և ընդհանապես՝ հանդիսանում է բավականին ճանաչելի մեդիա դեմք։ Հակոբյանի դեպքում, սակայն, կարելի է պնդել ճիշտ հակառակը։
Մեր թիմը որոնման ինտերնետային համակարգերի միջոցով փորձեց պարզել, թե իր պաշտոնավարման 17 ամիսների ընթացքում Վլադիմիր Հակոբյանը քանի անգամ է հանդես եկել մամուլի մեկնաբանություններով։ Եվ մեզ հաջողվեց գտնել ընդամենը 5 հղում, ուր խոսնակը զրուցել է մամուլի ներկայացուցիչների հետ: Ընդ որում, այդ 5-ից 1-ը վերաբերվում էր ԱԱԾ-ում իր անցյալին, իսկ մեկը՝ Վիկտոր Դալլաքյանին և միմիայն 3-ը՝ նախագահին: Ահա այդ 5 մեկնաբանությունները՝ Past.am, Tert.am, Armlur.am, «Ազատություն», «168 ժամ»:
Ակտիվությամբ աչքի չի ընկնում նաև Վլադիմիր Հակոբյանի թվիթերյան էջը, որը վերջինս ակտիվորեն օգտագործում է հատկապես Սարգսյան-Ալիև հանդիպումների ժամանակ։ Սույն նյութի հրապարակման պահին Հակոբյանի թվիթերյան էջի վերջին հրապարակումը կատարվել է օգոստոսի 30-ին, այն էլ՝ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսի մասին։
Այս ամենից զատ՝ Վլադիմիր Հակոբյանի անունը մամուլում լայնորեն շրջանառվել է նաև հոկտեմբերի 16-17-ին, երբ կայքերում ակտիվորեն տարածվում էին մամուլի քարտուղարի պսակադրության լուսանկարները։
ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի «տիտղոսը», փաստորեն, ենթադրում է, որ մամուլի հետ շփումները պետք է հասցնել նվազագույնի և սահմանափակվել՝ «ուղարկեք պաշտոնական հարցում» կամ «կհայտնենք պատշաճ ժամկետներում» արտահայտություններով։ Այնինչ՝ այլ երկրների ղեկավարների մամուլի ծառայությունների ղեկավարները հանդիսանում են ազդեցիկ մեդիա դեմքեր, որոնք շաբաթվա կտրվածքով հանդես են գալիս բազմաթիվ հայտարարություններով, շփվում լրագրողների հետ։
Անգամ Հայաստանում դեռևս ոչ վաղ անցյալում (օրինակ՝ Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին) նախագահի մամուլի խոսնակը հանդես էր գալիս ամենշաբաթյա բրիֆինգներով: Ժողովրդավար երկրներին վայել այս ավանդույթը, Հայաստանում, ցավոք, սպանվեց: Ընդ որում, այն աստիճանի, որ հարց է առաջանում, թե ինչի՞ համար է հարկատուների հաշվին պահվում նախագահի մամուլի խոսնակի հաստիքը, եթե խոսնակը մամուլի հետ չի խոսում: