Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ խոսել է սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ հայտարարելով քաղաքապետի իր թեկնածության առաջադրման մասին։
Բացի այս, վերջինս անդրադարձ է կատարել ներքաղաքական վերջին զարգացումներին, կապված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։
Լրագրողներից մեկի հարցին ի պտասխան, թե ինչպե՞ս է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի, քաղաքականություն վերադառնալու հայտարարությանը, Հովհաննիսյանը նշել է՝ «Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ որտեղ ուզում է և որտեղ արժանի է՝ դա լինի քաղաքականություն, թե բանտ, թե ուրիշ տեղ, դա իմ որոշելիքը չէ»։
Մամուլում առավել շատ լուսաբանվեց հենց այս հայտարարությունը՝ որոշ տեղեր, սակայն, խեղաթյուրված ձևով։ Օրինակ, iravunk.am կայքը «Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ ինքն ուզում է» գլխագրով նյութ հրապարակեց՝ կցելով դրան Հովհաննիսյանի լուսանկարը։
Նմանօրինակ վերնագիրը, դատելով համացանցում տեղ գտած մեկնաբանություններից, մոլորեցրել է շատերին։ Այն կտրված է ենթատեքստից և աղավաղում է Հովհաննիսյանի հնչեցրած միտքը։
Կարինե Կիրակոսյան