Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հրապարակվել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը, սակայն, սխալ է ներկայացվել մամուլում։
Օրենսդրական փոփոխությունը հիմնականում ենթադրում է ընտրական գործընթացում բարեգործության արգելքի խախտման քրեականացում (նախկինում այն եղել է վարչական իրավախախտում, այժմ առաջարկվում է քրեական պատասխանատվություն)։
ԶԼՄ-ները, սակայն, սխալ են ընկալել օրենքի նախագիծը` գրելով, որ այսուհետև ընտրակաշառքի համար կազատազրկեն։
Հարկ է նշել, որ այժմ գործող օրենսդրությամբ ընտրակաշառք վերցնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի (500-ից 700 հազար դրամի) չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով (Հոդված 154.2, մաս 1)։
Նոր նախագծում այս մասով որևէ փոփոխություն չի կատարվել, պատժաչափը նույնն է՝ նույնքան տուգանք, կամ նույնքան ազատազրկում։ Այլ կերպ ասած, ընտրակաշառք վերցնելու համար ազատազրկման պատիժը նոր չէ, այն ընդունվել է դեռևս 2006 թվականին։