Օրերս պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երկրորդ հարցազրույցը տվեց դաշնակցական Գեղամ Մանուկյանին։ Քոչարյանն իր բողոքը հայտնեց նախաքննության գաղտնի լինելու հետ կապված՝ ասելով. «Եթե դուք՝ լրագրողներով, հասնեք նրան, որ այդ քրեական գործի նախաքննական գաղտնիքը հանվի՝ մենք շատ ազատ կարող ենք խոսել բոլոր դրվագներով, առարկայական։ Դա նաև ազատություն կտա փաստաբաններին։ Մենք կարող ենք ամբողջ դատաքննության ընթացքի ձայնագրությունը հրապարակել»։
Սրան ի պատասխան, հարցազրուցավարը Քոչարյանին առաջարկեց «ոչ պաշտոնական» հրապարակել այդ ձայնագրությունը։
Նկատենք, որ նախաքննության գաղտնիությունն ինքնանպատակ չէ։ Նախաքննական գաղտնիության չպահպանման պայմաններում քրեական գործի լրիվ և օբյեկտիվ հետազոտման օրենսդրական պահանջը չի կարող արդյունավետ իրականացվել, իսկ նախնական քննության խնդիրները չեն կարող արդյունավետ լուծում ստանալ։ Այլ կերպ ասած, բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար անհրաժեշտ է գաղտնիություն։
Նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունն ամրագրված է նաև Քրեական դատավարության և Քրեական օրենսգրքերում։
Այսպես, Քրեական օրենսգրքի 342 հոդվածը սահմանում է. «Առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության` նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով»։
Այսպիսով Գեղամ Մանուկյանը կոչ է անում հանցագործություն կատարել։ Բացի այս, Մանուկյանը մարտի 1-ի գործի հետ կապված որոշակի մանիպուլյացիոն հայտարարություններ է արել։
«Կա հանրային կարծիք, որ եթե իշխանությունը չհայտարարեր արտակարգ դրություն՝ չէր լինի մարտի 1», — ասել է Մանուկյանը` հավելելով. «Ի վերջո, ի՞նչը մղեց նախագահ Քոչարյանին մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարել»։
Արտակարգ դրություն հայտարարելը կապված չի եղել ողբերգական դեպքերի հետ, քանի որ այն հայտարարվել է դրանցից հետո կամ առավելագույնը այդ դեպքերի ընթացքում։ Վերականգնելով իրադարձությունների քրոնիկոնը` տեսնում ենք, որ մարտի 1-ի վաղ առավոտյան ներքին զորքերը, իրավապահ այլ մարմինների հետ միասին, ուժ էին կիրառել Ազատության հրապարակի վրաններում քնած ցուցարարների հանդեպ, ձերբակալվել էին ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ, իսկ ընդդիմության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը տեղափոխվել էր իր առանձնատուն։
«Թատերական հրապարակը մաքրելուց հետո», ինչպես հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը, ցուցարարները սկսել էին հավաքվել Մյասնիկյանի արձանին հարող տարածքում։ Ավելի ուշ սկսվել էին բախումները, որոնց արդյունքում զոհվեց 10 և վիրավորվեց ավելի քան 300 մարդ։ Միայն այս ժամանակ է ստորագրվել արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիրը։ Այլ կերպ ասած` Գեղամ Մանուկյանի այն միտքը, որ «եթե չմտցնվեր արտակարգ դրություն՝ չէր լինի մարտի 1», ճիշտ չէ և աղավաղում է հանրային կարծիքը։
Ռաֆայել Աֆրիկյան