«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ապատեղեկությունների մի մասին (թե իբր այն Եվրոպայի պարտադրանքն է ու կապ ունի նույնասեռականության հետ) մենք արդեն անդրադարձել ենք:
Սակայն հարցի շուրջ ապատեղեկությունները սրանով չեն սահմանափակվում: Օրենքի մասին ամենատարածվող ապատեղեկություններից մեկն այն է, որ այն միտված է երեխաներին խլել իրենց ընտանիքներից՝ խարխլելով հայ ավանդական ընտանիքի հիմքերը:
Այնինչ, իրականությունն այլ է: Խնդրո առարկա օրենքի նախագիծը որևէ կերպ չի անդրադառնում և չի կարգավորում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գործունեությանը և չի անդրադառնում երեխաներին խնամակալության հանձնելու հարցին: Այդ ամենն արդեն իսկ կարգավորված է ՀՀ Ընտանեկան օրենսգրքով:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը ընտանեկան բռնությունից պաշտպանելն է և դրա կանխարգելումն է, ինչի համար Նախագծով ամրագրվել են համապատասխան նյութական և դատավարական նորմեր: Օրինակ՝ այն դեպքում, երբ ամուսիններից մեկը բռնություն է կիրառում մյուսի կամ երեխաների նկատմամբ, ապա մյուս ամուսինը կարող է դիմել ՀՀ ոստիկանություն՝ համապատասխան պաշտպանական միջոցներ կիրառելու մասին խնդրանքով: Ընդ որում՝ Նախագծի շրջանակներում սահմանվել են ոչ միայն պաշտպանական միջոցների համակարգը՝ ելնելով կատարված արարքի հանրային վտանգավորությունից, այլև դրանից բխող իրավասու պետական մարմինների լիազորությունները, ինչպես նաև սահմանափակման ենթակա իրավունքների շրջանակը:
«Այս ամենի նպատակը ընտանիքին և երեխաներին բռնությունից պաշտպանելն է՝ ամրապնդելով Հայաստանում ընտանիքի հիմքերը, որտեղ, իմ խորին համոզմամբ, բռնությունը չի կարող տեղ ունենալ»,- մեզ հետ զրուցում նշեց ՀՀ Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետ Բագրատ Ղազինյանը:
Նկատենք, որ եթե այժմ ոստիկանությունն ունի միմիայն բռնության տեղի ունեցած դեպքերը բացահայտելու լիազորություն, ապա օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրավապահները կստանան բռնությունները կանխարգելելու իրական մեխանիզմներ:
Ավելին, այժմ հանդիպում ենք իրավիճակի, երբ ամուսնու կողմից բռնության ենթարկված կանայք չեն կարողանում դիմել իրավապահներին, քանի որ դիմելուց հետո ստիպված են լինելու վերադառնալ նույն ամուսնու մոտ, ով էլ ավելի «բարկացած» կլինի կնոջ այդ արարքի համար: Օրենքով նախատեսվում է, որ նման դեպքերում պետությունը պետք է պաշտպանի ընտանեկան բռնությունից տուժողներին:
Արման Ղարիբյան