Դեկտեմբերի 22-ին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը, Երևանում լրագրողների հետ զրույցի ընթացքում նշել է. «Փորձագետների մի խումբ հերքում է այն կարծիքը, որ Ռուսաստանից ձեռք բերած «Սոլնցեպյոկ»-ն ու «Սմերչ»-ը լուրջ դեր են խաղացել Ադրբեջանի կողմից ապրիլյան պատերազմը սկսելու համար։ Իսրայելից ձեռք բերած զենքերն ավելի մեծ դերակատարում ունեցան այդտեղ։ Այս թեմայի շուրջ չեմ ցանկանում ծավալվել, բայց ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը Ադրբեջանին չի վաճառում զենք, ապա Ադրբեջանը կգտնի այն ձեռք բերելու ուրիշ աղբյուր»:
Քանի որ ռուս փորձագետներն ու քաղաքական գործիչները պարբերաբար բարձրաձայնում են նույնանման տեսակետներ, հիշեցնենք, որ ըստ Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի 2015 թվականին հրապարակած տվյալների՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանի կողմից գնված հարձակողական զինամթերքների 85 տոկոսը մատակարարել է Ռուսաստանը:
Ընդ որում 2005-2009 թթ համեմատ 2010-2014-ին Ադրբեջանը 249% ավելացրել է զինատեսակների ներկրումը (ինչպես նկատեցինք՝ հիմնականում Ռուսաստանից): Հետևաբար, Իսրայելի կողմից մատակարարված զենքը 2010-2014 թթ կարող է կազմել Ադրբեջան ներկրված զինատեսակի ամենաշատը 15 տոկոսը:
Ռուսաստանը Ադրբեջանին անցած մի քանի տարիների ընթացքում վաճառել է անգամ միջազգայնորեն արգելված զինատեսակներ, ինչպես, օրինակ, Դուբլինյան կոնվենցիայով արգելված կասեթային մարտագլխիկներով «Սմերչ» համազարկային կրակի համակարգերն են, կամ, կոնվենցիաներով արգելման եզրին հայտնված «Սոլնցեպյոկ» հրանետները:
Հավելենք, որ Ռուսաստանը ծանր զենքեր արտադրող աշխարհի միակ երկիրն է, որը համաձայնվում է զինել Ադրբեջանին: Ռուսաստանի վաճառած զինատեսակների մեծ մասը Իսրայելում չեն արտադրվում, կամ պիտանի չեն այս տարածաշրջանի ու բնակլիմայական պայմանների համար: