Հուլիսի 18-ից ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերը ակտիվորեն տարածում են «arenanews.am» անվանումով կայքում տեղ գտած մի հրապարակում, որը վերնագրված է այսպես. «Առողջապահության նախարարի խոսնակը պաշտպանում է համասեռամոլությունը»: Հղումով անցնելուց հետո վերնագրից բացի տեսանյութ էլ կա, որը հրապարակվել է «Հելսինկայան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության յութուբյան ալիքում 2017 թվականի մայիս 18-ին: Տեսանյութում լրագրող, սյունակավար ներկայացած Լյուսի Քոչարյանը խոսում է հոմոֆոբիայի վերաբերյալ լսած միֆերի մասին:
Նկատենք, որ Արսեն Թորոսյանի նշանակումից հետո մամուլում շրջանառվել է Լյուսի Քոչարյանի անունը որպես մամուլի խոսնակի թեկնածու, սակայն նա այդպես էլ չի նշանակվել խոսնակ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի քարտուղարը Լիանա Եղիազարյանն է:
«Arenanews.am»-ի հրապարակման հղումով անցնելուց հետո վերնագիրը ստանում է այս տեսքը. «Առողջապահության նախարարի նախկին թեկնածու(ն) պաշտպանում է համասեռամոլությունը»: Վերնագրի սկզբնական տարբերակով հրապարակումը ֆեյսբուք սոցիալական ցանցում գովազդվում էր կայքի անունով ֆեյսբուքյան էջի կողմից: Համաձայն այդ կայքի տվյալների՝ նյութի դիտումները գերազանցել են 18 հազարի շեմը:
Նշենք նաև, որ վերը նշված կայքում տեղեկություններ չկան ինչպես կայքի, այնպես էլ խմբագրակազմի մասին: Կայքի հետ հնարավոր չէ նաև հեռախոսակապ հաստատել:
Հուլիսի 13-ին մեր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էինք մի կեղծ տեղեկության տարածմանը, որը վերաբերում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմանկարով 1 մլն դրամ արժողությամբ մետաղադրամ թողարկելուն: Ապատեղեկատվությունը տարածվել էր նույն «arenanews.am»-ի ֆեյսբուքյան էջով:
Տիրայր Մուրադյան