Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած բողոքի շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության պաշտոնավարման արդեն երկու շաբաթ է զուգորդվում է դեզինֆորմացիայով և մանիպուլյատիվ հրապարակումներով։ Կեղծ տեղեկություններ տարածվում են ինչպես համացանցում՝ ֆեյք օգտատերերի միջոցով, այնպես էլ լրատվական հարթակներում՝ լրատվական կայքերի միջոցով։ Առանձնացնենք առավել դիտված և քննարկված կեղծիքները։
Լրատվական դեզինֆորմացիա
Ընդդիմադիր ճամբարում արդեն պաշտոններ են բաժանում
Operativ.am կայքը մանիպուլյատիվ վերնագրով նյութ է հրապարակել, համաձայն որի Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման անդամները իբր արդեն պաշտոններ են բաժանում։ Նյութը, սակայն, ընդամենը պատգամավոր Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառման մասին է, որտեղ պատգամավորը հայտնում է, որ պաշտպանության նախարարի հիանալի թեկնածու կարող է լինել Դավիթ Տոնոյանը՝ ներկայիս ԱԻ նախարարը։
Մարտի 1-ի դեպքի առիթով Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ապացուցող նոր գաղտնի խոսակցություններ են հրապարակվել
1or.online կայքը վերահրապարակել է դեռևս տարիներ առաջ ԱԱԾ-ի կողմից հրապարակած Ալիկ Արզումանյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ վերջինս խոսում է նաև Նիկոլ Փաշինյանի հետ։ Թերևս պարզ չէ մեկ բան, թե ի՞նչ մեղավորություն է ապացուցում այդ ձայնագրությունը։
Լակոտը վտանգավոր է դառնում
«Տիեզերական խայտառկություն» ենթաբաժնում հրապարակված Shame.am-ի այս նյութը լի է մանիպուլյացիաներով։ Հեղինակը չի կարողացել զսպել իր անձնական զգացմունքները և կեղծ թեզերից բացի բազմաթիվ վիրավորանքներ է ձոնել Նիկոլ Փաշինյանին։
Անգրագետների բանակն ուզում է գալ իշխանության
Նախորդից շատ չտարբերվող նյութ հրապարակել է նաև Aznivnews.ru կայքը։ Ըստ նյութի հեղինակի՝ Նիկոլ Փաշինյանը անգրագետ է և չի կարող վարչապետ լինել։ Որպես Փաշինյանի «անգրագիտությունը» ապացուցող փաստ, հեղինակը հիշեցնում է, որ 1991 թվականին Երևանի պետական համալսարան ընդունված Նիկոլ Փաշինյանը քաղաքական դրդապատճառներով հեռացվել է ԲՈՒՀ-ից։ Այսինքն, Փաշինյանը չունի բարձրագույն կրթություն, հետևաբար՝ անգրագետ է։
Վովա Գասպարյանը ևս հրաժարական է տալիս
Arenanews.am կայքը, հղում տալով իր աղբյուրներին, գրում է, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը ևս հրաժարական է տալիս։ Այս տեղեկությունը ևս չի հաստատվել, իսկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել։
Համացանցում տարածվող կեղծ տեղեկություններ
Սահմանադրության մեջ կա կետ
Համացանցում լայն տարածում գտավ և քննարկման առարկա դարձավ հաղորդագրություն, ըստ որի Սահմանադրության մեջ կա կետ՝ 10 օր ցույց կատարելու դեպքում «ժողովրդի ձայնը բարձրացվում և հաշվի է առնվում»։ Այս տեղեկությունը կեղծ է, Սահմանադրության մեջ նման կետ չկա։
Սերժ Թանկյանը ժամանել է Երևան
Այս տեղեկությունը տարածվեց անգամ մի շարք կայքերում, առկա էր նաև տեսանյութ։ Սերժ Թանկյանը, սակայն, Երևան չի ժամանել, իսկ տեսանյութը 2 տարվա վաղեմության է։
Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպայական կազմին զինում են
Ըստ հաղորդագրության՝ համալսարանի սպայական կազմին զինել և ուղարկել են «ժողովրդի դեմ»։ Այս լուրը շատ արագ հերքվեց հենց պաշտպանության նախարարության կաղմից։
Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ցուցարաները ներխուժեն ԱԺ և ազատեն իրեն
Սոցիալական ցանցերում ակտիվ շրջանառվեց նաև լուր, թե իբրև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրեն ձերբակալելու պարագայում ցուցարարները պետք է ներխուժեն Ազգային ժողովի շենք և ազատեն իրեն, մինչդեռ Փաշինյանը նման բան չի հայտարարել։
Այսպիսի հաղորդագրություններից բացի լայն տարածում գտավ տեղեկություն, որ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների սննդի մեջ լուծողական դեղահաբեր է ավելացրել ցուցարարներին թունավորելու նպատակով։ Մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ Շենգավիթ համայնքի փողոցներում թունավոր գազերի միջոցով փորձել են թունավորել ցուցարարներին և այլն։