Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 25-ի գիշերը ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշների երթևեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Վերջին օրերին հաճախ կարող ենք տեսնել ցուցարարների, որոնք ավտոերթեր են կազմակերպում և տուգանքներից խուսափելու նպատակով փակում, կամ հանում են մեքենաների հաշվառման համարանիշները։ Այս երևույթի անթույլատրելիության մասին հայտարարել է նաև ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով ցուցարարներին հետևել օրենքի տառին։ Կոչին միացել է նաև ոստիկանությունը՝ հորդորելով պահպանել երթևեկության կանոները։
Նկատենք, սակայն, որ այս օրերին առանց հաշվառման համարանիշների ավտոմեքենաների մի մասի ղեկերին հենց ոստիկաններն էին, որոնք էլ դեռևս ապրիլի 16-ին սկիզբ դրեցին այդ «նորաձևությանը»։
Ներկայացնում ենք առանց հաշվառման համարանիշների ոստիկանական մեքենաների լուսանկարներն ու տեսանյութերը։ Բոլոր կադրերում պատկերված մեքենաներում կամ համազգեստով ոստիկաններ էին, կամ ոստիկանական համազգեստի պարագաներ: Մեր լրագրողների հարցադրումներին ի պատասխան ոստիկանները կամ փակում էին մեքենաների պատուհանները, կամ, լավագույն դեպքում, հայտնում էին, որ «համարները կորցրել են»: