2022 թվականի փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով միլիոնավոր մարդիկ ստիպված են լքել իրենց տները՝ փնտրելով օգնություն, անվտանգություն և պաշտպանություն:
2022 թ․ փետրվարից ի վեր Ուկրաինայից միլիոնավոր փախստականներ հատել են երկրի սահմանները և կացարան գտել հարևան երկրներում, նույնքանն էլ դարձել են ներքին տեղահանվածներ։ 2024 թ․ օգոստոսի սկզբին Ուկրաինայի կողմից Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով ներքին տեղահանվածների խնդրի առաջ է կանգնել նաև Ռուսաստանը։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է, թե ինչ վիճակում են Ուկրաինայից և Ռուսաստանի Կուրսկի շրջանից ներքին տեղահանվածները, պետական ինչ աջակցություն են ստանում նրանք, նաև անդրադարձել է Հայաստանում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրվող աջակցությանը։
Ուկրաինա
Opendatabot.ua-ն գրում է, որ հունիս ամսվա դրությամբ 2024 թվականի ընթացքում երկիրը լքած ուկրաինացիների 1.5 տոկոսը (ավելի քան 69 հազար քաղաքացի) չի վերադարձել Ուկրաինա։
Պատերազմի սկզբից մինչև 2024 թ․ սեպտեմբերի 16–ի դրությամբ Ուկրաինայից հեռացել է 6 մլն 789,500 քաղաքացի։ Նրանցից շուրջ 6.2 մլն-ը, 2024 թվականի սեպտեմբերի 16-ի ամենաթարմ տվյալներով, Եվրոպայում է հանգրվանել, իսկ 571 հազարն էլ ապրում է ամբողջ աշխարհում։
Ինչ վերաբերում է ներքին տեղահանվածներին, ապա Ուկրաինայում նրանց թիվը այս տարվա փետրվարի տվյալներով շուրջ 3,7 մլն է։ Ուկրաինայում ներքին տեղահանվածների համար գործում է պետական աջակցություն։ Տարհանված ուկրաինացիների համար նախատեսված է հետևյալը. տարհանման ժամանակ անվճար սննդի և մարդասիրական օգնության տրամադրում, կորցրած փաստաթղթերի վերականգնում, ժամանակավոր կացարանի տրամադրում, որակյալ հոգեբանական և բժշկական օգնություն, դրամական աջակցություն միջազգային կազմակերպություններից, պետական դրամական օգնություն կեցության համար, օգնություն աշխատանքի տեղավորման համար, նախադպրոցական/դպրոցական ուսումնական հաստատությունների անվճար սնունդով ծրագրերից օգտվելու առաջնահերթ իրավունք, աջակցություն 2024-2025 թթ․ ջեռուցման սեզոնի համար կոշտ վառելանյութի տրամադրման հարցում:
Visit Ukraine կայքի տվյալներով, 2024 թ․ մարտից փոխվել են ներքին տեղահանվածների համար պետության կողմից ֆինանսական աջակցության տրամադրման կանոնները։ Այժմ վճարումներ նշանակելու հիմնական ուղենիշը ներքին տեղահանվածների ֆինանսական կենսունակությունն է։ Այսպիսով, օգնությունը հաշվարկելու համար հաշվի է առնվում ընտանիքի ընդհանուր եկամուտը, որը չպետք է լինի ավելին, քան ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 9444 գրիվնան (88,085.04 դրամ)։
Այսպիսով, այն ընտանիքները, որոնց եկամուտը մեկ անձի համար կազմում է 9444 գրիվնայից պակաս, իրավունք ունեն ֆինանսական աջակցություն ստանալու։ Նման աջակցություն կարող են ստանալ նաև հետևյալ խմբերը՝ մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքները, որոնք ապրում են ակտիվ կամ հնարավոր ռազմական գործողությունների գոտում կամ համեմատաբար անվտանգ շրջաններում, որտեղ երեխաներն օֆլայն սովորելու հնարավորություն չունեն, ընտանիքները, որտեղ ընտանիքի անդամներից մեկը խնամում է առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի կամ մինչև 18 տարեկան երեխայի (տարիքային հաշմանդամություն կամ ծանր հիվանդություն ունեցող), մինչև 14 տարեկան երեխաները, որոնք ժամանել են առանց ծնողների ուղեկցության (ազգակցական հարաբերությունների մեջ գտնվող անձի դիմումի համաձայն), հղի կանայք՝ սկսած հղիության 30-րդ շաբաթից։
Ներքին տեղահանվածների համար վճարումների չափը կազմում է ամսական 2000 գրիվնա (18,654.18 դրամ): Բացի այդ, յուրաքանչյուր երեխայի համար վճարվում է 3000 գրիվնա (27,981.27 դրամ)։
Միևնույն ժամանակ, 2024 թ․ սեպտեմբերից վճարումներն ավտոմատ կերպով 6 ամսով երկարացվել են տեղահանվածների առավել խոցելի խմբերի համար, որոնք անկարող են աշխատել, կենսաթոշակառուներ են, որոնց կենսաթոշակի չափը չի գերազանցում 9444 գրիվնան, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք են, մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաներ են, ծանր հիվանդ երեխաներ են, մինչև 23 տարեկան ծնողազուրկ և ծնողական խնամքից զրկված երեխաներ են, ինչպես նաև ծնող-դաստիարակներին և խնամատար ծնողներին:
Բացի պետական աջակցությունից, Ուկրաինայի ներքին տեղահանվածները ֆինանսական աջակցություն են ստացել և շարունակում ստանալ նաև մի շարք միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից (ՓԳՀ), որի ֆինանսական աջակցությունը հոկտեմբերի 1-ից կկազմի 3600 գրիվնա (33,577.53 դրամ) ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, նախկինում վճարված 2200 գրիվնայի (20,519.60 դրամ) փոխարեն, UNICEF-ից, ԿԽՄԿ-ից և այլն։ Ֆինանսական աջակցության նոր ծրագիր է սկսել նաև Նորվեգիայի փախստականների խորհուրդը (NRC)։ Ֆինանսական աջակցությունը, որը կազմում է 3․6 հազար գրիվնա (33,577.53 դրամ) մեկ անձի համար և որը կշարունակվի 3 ամիս, կարող են ստանալ այն անձիք, որոնք ներկայումս ապրում են այն տարածքներում, որտեղ ռազմական գործողությունները շարունակվում են, տուժել են ագրեսիայից, ներքին տեղահանվածներ են, որոնք լքել են իրենց տունը։
Ռուսաստան
2024 թ․ օգոստոսի 6-ին Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով Կուրսկից տեղահանվածների թիվը կազմում է շուրջ 150 հազար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին հայտարարել էր, որ Կուրսկի մարզի բնակիչները, որոնք լքել են իրենց տները, կստանան 10 հազարական ռուբլի (42 հազար 356 դրամ): «Համարենք, որ 10 հազար ռուբլի միանվագ վճարման մասին որոշումն ընդունված է։ Անհրաժեշտ ռեսուրսները գործի կդրվեն»,— նշել էր Պուտինը։ Ծրագրի համար ՌԴ կառավարությունը հատկացրել է մոտ 220 միլիոն ռուբլի (931 մլն 851 հազար 613 դրամ)։
Այդուհանդերձ, Ռուսաստանում ներքին տեղահանվածների շրջանում կան դժգոհություններ, որ չեն ստանում իրենց 10 հազարական ռուբլի օգնությունը, որը խոստացել էր Պուտինը։ Բացի այդ, շատ երեխաներ չեն ստացել նաև խոստացված պլանշետները՝ հեռավար ուսուցում ստանալու համար։
«Սոցիալական նավիգատոր» կամավորական կազմակերպության տնօրեն Եվգենիա Նազարովան, «Ագենստվոյի» փոխանցմամբ, դժգոհել է, որ նույնիսկ էվակուացիա չի եղել Կուրսկի շրջաններում, և շատ մարդիկ ինքնուրույն են հոգացել իրենց փրկության մասին։ «Կուրսկի ադմինիստրացիան ուղղակի փախել էր։ Եզակի դեպքեր են եղել, որ մնացել էին։ Դա դավաճանություն է։ Արդյունքում մենք բախվեցինք մարդկանց ագրեսիային ու իշխանությունների հանդեպ խորը դժգոհությանը։ Նրանք հիասթափված են»,- ասել էր Նազարովան։
Նաև՝ ՌԴ կառավարությունը 1․8 միլիարդ ռուբլի է (7 մլրդ 622 մլն դրամ) հատկացրել կացարանից զրկված ընտանիքներին օգնություն ցուցաբերելու համար:
Օգոստոսի 9-ին Կուրսկի մարզում դաշնային նշանակության արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: Ինչպես հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դաշնային նշանակության արտակարգ իրավիճակների դեպքում տուժածները ենթակա են հետևյալ վճարումների․
- միանվագ վճար՝ 15 հազար ռուբլի (63 հազար 516 դրամ),
- առաջին անհրաժեշտության գույքի մասնակի կորստի դեպքում՝ 75 հազար ռուբլի (317 հազար 579 դրամ),
- լրիվ կորստի դեպքում ՝ 150 հազար ռուբլի (635 հազար 160 դրամ),
- զոհվածների ընտանիքի անդամներին վճարումներ՝ 1․5 միլիոն ռուբլի (6 մլն 351 հազար 601 դրամ),
- առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելու դեպքում՝ 600 հազար ռուբլի (2 մլն 540 հազար 672 դրամ),
- առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքում՝ 300 հազար ռուբլի (1 մլն 270 հազար 336 դրամ):
Հայաստան
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման հետևանքով Արցախից բռնի տեղահանված անձանց թիվը կազմում է ավելի քան 100 հազար։ Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, ինչպես նաև կեցության ու այլ ծախսերը հոգալու նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնց մասին «Փաստերի ստուգման հարթակը» արդեն գրել է։
https://dev.fip.am/26000
Նշենք դրանցից միայն մի քանիսը՝ իրականացվել է 100 հազար դրամ աջակցության ծրագիրը, որի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրամադրվել տեղահանված ընտանիքների բոլոր անդամներին, իրականացվել է 50,000 դրամ աջակցության ծրագիրը, որի շրջանակում երկամսյա պարբերականությամբ աջակցություն է տրամադրվել բռնի տեղահանվածներին, բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով իրականացվել և այժմ էլ ընթացքի մեջ է 40+10 հազար դրամ աջակցության միջոցառումը։
Բացի այդ, ընթացքի մեջ է նաև բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի շրջանակում ընտանիքների յուրաքանչյուր անդամի հաշվով տրամադրվում է 2-ից 5 մլն դրամ աջակցություն, բռնի տեղահանված ուսանողների վարձի փոխհատուցման ծրագիր, ինչպես նաև իրականացվել է անվճար բժշկական օգնության սպասարկում։
Արցախից բռնի տեղահանվածներին հումանիտար օգնության նպատակով դրամական կամ գույքային աջակցություն են ցուցաբերել նաև բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, օտարերկրյա կառավարություններ:
Սյուզաննա Համբարձումյան