Օգոստոսի 21-ին Բաքվում ձերբակալվել էր ադրբեջանցի քաղաքագետ, ակտիվիստ Բահրուզ Սամեդովը։ Վերջինս հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իր վարչակարգի դեմ քննադատական հոդվածներով և խաղաղասիրական սկզբունքներով։
29-ամյա քաղաքական վերլուծաբանը Չեխիայի «Կառլովի» համալսարանի դոկտորանտ է, բնակվում էր Պրահայում։ Սամեդովն Ադրբեջանում բնակվող հարազատներին էր այցելել օգոստոսի սկզբին, սակայն շուտով պատրաստվում էր լքել երկիրը։
Ի՞նչ գործունեությամբ էր զբաղվում Սամեդովը և ի՞նչ մեղադրանք է նրան առաջադրվել
Բահրուզ Սամեդովը մեղադրվում է պետական դավաճանության համար (Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274-րդ հոդված-հեղ․), և այդ հիմքով օգոստոսի 23-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը նրան 4 ամսով նախնական կալանքի է ենթարկել:
Այդ երկրի քրեական օրենսգրքի 274–րդ հոդվածը պետական դավաճանությունը սահմանում է որպես Ադրբեջանի քաղաքացու կողմից գործողություն՝ ի վնաս Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության, ինչպես նաև լրտեսություն, պետական գաղտնիքի փոխանցում օտար պետությանը։
Մեղադրանքի հաստատման դեպքում Սամեդովին սպառնում է տասից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Սամեդովի տատիկը՝ Զիբեյդա Օսմանովան՝, Turan գործակալությանը հայտնել էր, որ օգոստոսի 21-ին՝ Սամեդովի ձերբակալությունից կես ժամ անց, նրանց տանը խուզարկություն է կատարվել, որի ընթացքում առգրավվել է 2 համակարգիչ, 2 հեռախոս, Սամեդովի անձնագիրը, արտասահմանյան բուհերից ստացած դիպլոմները և գիրք, որում տպագրված էր նրա հոդվածը։
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը X-ի միկրոբլոգում հանդես է եկել Սամեդովի ձերբակալության հետ կապված մեկնաբանությամբ․
«Մեզ անհանգստացնում է Ադրբեջանում լրագրող Բահրուզ Սամեդովի ձերբակալությունը, որը վերջինն է անկախ լրատվամիջոցների դեմ Ալիևի ռեժիմի ահագնացող հարձակումներից: Այս աշնանը՝ COP29-ին ընդառաջ, կոչ ենք անում մասնակից կառավարություններին ևս մեկ անգամ շեշտել Ալիևի ռեժիմի կողմից մամուլի ազատության դեմ հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունն ու անհապաղ ազատ արձակել անարդարացիորեն կալանավորված լրատվամիջոցների աշխատակիցներին»։
«Կառլովի» համալսարանը ևս մտահոգությամբ էր հանդես եկել իր ուսանողի ձերբակալության լուրերի առնչությամբ։
««Կառլովի» համալսարանի ակադեմիական հանրությունը մտահոգությամբ է հետևում Բաքվում «Կառլովի» համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի դոկտորանտ Բահրուզ Սամեդովի ձերբակալության լուրերին: «Կառլովի» համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի ղեկավարությունը համալսարանի ղեկավարության հետ ինտենսիվ աշխատում է ստուգված աղբյուրներից տեղեկատվություն հավաքելու ուղղությամբ։ Համալսարանը համագործակցության խնդրանքով դիմել է նաև Չեխիայի արտաքին գործերի նախարարությանը»,- նշվել էր համալսարանի տարածած հաղորդագրության մեջ։
Սամեդովի փաստաբան Զիբեյդա Սադիգովայի խոսքով՝ Բահրուզ Սամեդովի ձերբակալությունը նախաքննությունն իրականացնող մարմինը կապում է նրա՝ արտասահմանում սովորելու փաստի և փախչելու հնարավոր փորձի հետ։
«Մենք պնդում ենք, որ նա թաքնվելու մտադրություն չունի։ Ինքը՝ Բահրուզը, հայտարարել է, որ անմեղ է և երբեք չի դավաճանել իր երկրին։ Նա ընդգծել է, որ ինքը խաղաղ մարդ է, քրիստոնյա, և որ իր կրոնը նպաստում է խաղաղությանը։ «Նա միայն խաղաղություն էր ուզում»,- նշել է Սադիգովան:
Բահրուզ Սամեդովը նաև թղթակցում էր Հարավային Կովկասում խաղաղությանը միտված Open Caucasus (OC) Media լրատվականին
Լրատվականը նրա մեղադրանքի առաջադրման օրը՝ օգոստոսի 23-ին, հրապարակել էր Սամեդովի վերջին սյունակը՝ «Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունների սառեցումը» վերնագրով, որը նա գրել էր ձերբակալությունից անմիջապես առաջ։ Հոդվածում ասվում է, որ «չնայած երկար ժամանակ տևած «եղբայրությանը», Իսրայել-Գազայի պատերազմը, ըստ երևույթին, սրել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը»։
Սամեդովը երբեմն հայտնվում էր նաև հայկական մեդիադաշտում։ Նա այս տարվա հունվարին հարցազրույց էր տվել Civilnet լրատվականին՝ խոսելով Ադրբեջանում սպասվող նախագահական ընտրությունների, հասարակությունում տիրող տրամադրությունների և հակահայկական քարոզչության մասին։ Հարցազրույցում նա նշել էր, որ հետպատերազմական էյֆորիան Ադրբեջանում թուլանում է և մարդիկ ավելի ու ավելի շատ հարցեր ու դժգոհություններ են արտահայտում։ Քաղաքագետի գնահատականով՝ «իշխանությունների կողմից քարոզվող՝ հայկական նորանոր հողերը զավթելու գաղափարը հանրության շրջանում աջակցություն չեն վայելում, բայց նաև չկա խաղաղության շուրջ դիսկուրս»։
Բաքվի շարունակական հալածանքներն և սահմանափակումները լրագրողների դեմ
Բահրուզ Սամեդովի ձերբակալությունից շատ չանցած՝ օգոստոսի 23-ին, ձերբակալվել է լրագրող Սամադ Շիխին։ Նա Սամեդովի ընկերներից է և նույնպես թղթակցում էր OC Media պարբերականին։ Ձերբակալության պահին նա փորձում էր մեկնել Թբիլիսի Բաքվի օդանավակայանից։
Շիխին ևս հանդես էր գալիս հանուն ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու կողմնակից էր:
Նրա ֆեյսբուքյան էջում օգոստոսի 24-ին հայտնվել էր գրություն, որում Սամադ Շիխին իբրև խոստովանում է Բահրուզ Սամեդովի դեմ որպես վկա ցուցմունք տալու մասին․
«Ես հայտնեցի, որ Բահրուզ Սամեդովը պայմանավորվել է, որ ես հանդիպեմ արտերկրում գտնվող որոշ հայերի, և ինքն է հոգացել բոլոր ֆինանսական ծախսերը։ Հարցերը հիմնականում վերաբերում էին առանձին հայերին։ Անկեղծ ասած, ես որևէ ճնշման չեմ հանդիպել, դատարանը, կախված ցուցմունքներից, վերջնական որոշում կկայացնի։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընկերներին, որոնք անհանգստանում են ինձ համար»։
Մեկնաբանություններում Շիխիի ընկերներն ու ծանոթները պնդում են, որ հրապարակման հեղինակը Սամադը չէ, քանի որ ադրբեջաներեն տեքստում առկա են այնպիսի սխալներ, որը նա երբեք չէր անի։ Ենթադրվում է, որ լրագրողի օգտահաշվից գրառումները կատարվում են ուժայինների կողմից՝ Սամեդովին առաջադրված մեղադրանքները հաստատելու համար։
Մեկ ամիս առաջ՝ հուլիսի 22-ին, Ադրբեջանում ձերբակալվել էր Բելառուսից Ադրբեջան ժամանած Ադրբեջանի քաղաքացի, ազգությամբ թալիշ, գիտնական Իքբալ Աբիլովը, որն զբաղվում էր Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ուսումնասիրությամբ։ Նա ևս մեղադրվում է պետական դավաճանության մեջ և գտնվում է 4-ամսյա նախնական կալանքի տակ։
Այսպիսով, ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանին (COP29) ընդառաջ Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատ մեդիայի դեմ ոտնձգությունները միայն աճում են, իսկ խաղաղությանն աջակցող ակտիվիստները՝ զրկվում ազատությունից։
Արփինե Հովհաննիսյան