Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հուլիսի 19-ին 24 TV-ին տված հարցազրույցում մանիպուլյատիվ հայտարարություն է արել Իրանից ՀՀ ներկրվող գազի գործարքի մասին։ Նա, մասնավորապես, ասել է․
«Իրանի հետ «գազ հոսանքի դիմաց» գործարքն էր գործում, բայց վերջերս դրա ծավալները կարծեմ էապես կրճատվել են․ փոխարենը այդպիսի գործարք կնքվել է Ադրբեջանի հետ»։
Իրականում, ՀՀ-Իրան փոխգործակցության ծավալը էլեկտրաէներգիայի ոլորտում ոչ միայն չի կրճատվել, այլ նաև, ըստ իրանական աղբյուրների, շատ շուտով կարող է նույնիսկ կրկնապատկվել։
«Փաստերի ստուգման հարթակն» անդրադարձել է Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգիայի ոլորտում եղած փոխգործակցության մանրամասներին։
Երբ է սկսել հիշատակվող «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխգործակցությունը
«Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման համաձայնագիրը գործում է դեռևս 2006 թվականից։ 2007 թվականին Մեղրիում Հայաստանի և Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Մահմուդ Ահմադինեժադը պաշտոնապես բացեցին Իրան-Հայաստան գազատարը` դրանից վառելով խորհրդանշական ջահը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում 2010 թվականին հրապարակվել է հաղորդագրություն Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ փոխգործակցության մեկնարկի մասին։ Դրա հիման վրա 2010 թվականի մայիսի 13-ին, Գազի արտահանման իրանական ազգային ընկերության (NIGEC) պատվիրակությունը, ընկերության ղեկավար Սեյեդ Ռեզա Քասաիզադեի գխավորությամբ, պաշտոնական այցով մեկնարկել էր «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը։
Այս տարիների ընթացքում Հայաստանը տարեկան ներմուծում է մոտավորապես 360 միլիոն խորանարդ մետր իրանական գազ։ Ի տարբերություն ՌԴ-ից գնվող գազի՝ վառելիքի դիմաց ՀՀ-ն վճարում է էլեկտրաէներգիայով։ ՀՀ-ն Իրանից ստանում է մեկ խորանարդ մետր գազ՝ Հայաստանի ՋԷԿ-երի արտադրած երեք կիլովատ ժամ էլեկտրաէներգիայի դիմաց։
Չնայած համաձայնագիրը կնքվել էր 20 տարով և պետք է ավարտվեր 2026 թվականին, բայց 2023 թվականի օգոստոսին այն երկարաձգվել էր մինչ 2030 թվականը։ Գործարքի կողմերն են եղել Իրանի նավթի փոխնախարարը, այդ երկրի գազի ազգային ընկերության տնօրենն ու Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի տնօրենը։
Իրանից ներկրվող գազի ծավալի կրկնապատկման հնարավորությունը
Իրանական SNN գործակալությանը հուլիսի 18-ին տված հարցազրույցում Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ երկու երկրների փոխգործակցության հաջողություններից մեկն էլ էլեկտրաէներգիայի պայմանագրի երկարաձգումն է եղել․
«Մենք տարեկան 360 մլն խմ գազ ենք արտահանում Հայաստան և դրա դիմաց ներմուծում էլեկտրաէներգիա։ Ինչպես նաև, մեզ հաջողվել է գրեթե վերջնական փուլին հասցնել Հայաստանից Իրան էլեկտրահաղորդման երրորդ գիծը, որը շահագործման կհանձնվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, և մենք կարող ենք կրկնապատկել էլեկտրաէներգիայի ներկրումը Հայաստանից»,- հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպանը։
Դեռևս երկու տարի առաջ Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը ևս անդրադարձել էր դեսպան Սոբհանիի հիշատակած երրորդ գծի կառուցմանը։ Նա նշել էր, որ մինչ 2018 թվականը 2006 թվականից կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի միայն 1%-ն է կառուցված եղել։
«Ասենք` գիծն ունի 706-ից 720 հենարան, պետք է ունենա 276 կմ, մինչև 18 թ. փետրվար ամիսն այնտեղ 6-7 հենարան էր ուղղակի մոնտաժված»,- նշել էր փոխնախարարը։
Եթե մոտակա ամիսներին գիծը հանձնվի շահագործման, ինչպես պնդում են կողմերը, փոխանակվող էլեկտրաէներգիայի ծավալները կարող են ավելանալ մի քանի անգամ։
Այպիսով, պատգամավոր Արթուր Խաչատրյանի տեսակետը, թե Իրանից գազի ներկրման ծավալներն այս իշխանությունների օրոք նվազել են, պարզապես չի համապատասխանում իրականությանը։
Արփինե Հովհաննիսյան