Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված է։
«Փաստերի ստուգման հարթակը» 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գրել էր Արցախի կորսված հուշարձանների մասին, իսկ 2023 թվականին Արցախի հայաթափումից հետո՝ Արցախի ոչնչացված ու կիսավեր մշակութային հուշարձանների մասին:
Մշակութային ժառանգության պահպանության ոլորտի կոնվենցիաները և իրավական կարգավորումներ
Մշակութային ժառանգության պաշտպանության իրավական կարգավորումները բազմաթիվ են: Դրանցից է «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին կոնվենցիան», որն ուժի մեջ է մտել 1954 թվականի մայիսի 17-ին և որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1993-ին: Կոնվենցիայով «մշակութային արժեք» են համարվում ճարտարապետության, արվեստի կամ պատմության հուշարձանները, կրոնական կամ աշխարհիկ, հնագիտական տեղավայրերը, ճարտարապետական համալիրները, արվեստի ստեղծագործությունները, ձեռագրերը, գրքերը, գեղարվեստական, պատմական կամ հնագիտական նշանակության այլ առարկաներ, ինչպես նաև գիտական հավաքածուները կամ գրքերի, արխիվային նյութերի կամ վերը թվարկվածների վերարտադրությունները, այն շենքերը, որոնց գլխավոր և իրական նպատակը մշակութային արժեքների պահպանումն է կամ ցուցադրումը։ Այդպիսի շենքեր են թանգարանները, խոշոր գրադարանները, արխիվների պահոցները, պատսպարանները, որոնք նախատեսված են զինված ընդհարման դեպքում շարժական մշակութային արժեքների պահպանության համար, կենտրոնները, որոնք ընդգրկում են մշակութային արժեքների զգալի քանակություն և համարվում են «հուշարձաններ պարունակող կենտրոններ»։
Կոնվենցիայի նպատակն է այդ արժեքների պահպանությունն ու հարգումը: Կոնվենցիայի դրույթները կիրառվում են հայտարարված պատերազմի կամ որևէ զինված ընդհարման ժամանակ, նաև խաղաղ օրերին։
Կոնվենցիայի կողմերը պարտավորվում են իրենց զինված ուժերի անձնակազմին դաստիարակել բոլոր ժողովուրդների մշակույթի ու մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ոգով և դեռևս խաղաղ ժամանակ նախապատրաստել ու ստեղծել այնպիսի ծառայություններ կամ հատուկ անձնակազմ իրենց զինված ուժերում, որոնց նպատակը կլինի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի ապահովումը:
18-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, Կոնվենցիան կիրառվում է նաև պատերազմների ժամանակ «պայմանավորվող կողմի ողջ տարածքի կամ նրա մի մասի գրավման բոլոր դեպքերում, անգամ եթե այդ գրավումը ռազմական որևէ դիմադրության չի հանդիպում»:
«Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» կոնվենցիան Ադրբեջանը ստորագրել է 1994 թվականի սեպտեմբերի 20-ին:
Մշակութային ժառանգության պահպանության ոլորտին վերաբերող մեկ այլ` «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիայի համաձայն, մշակութային ժառանգություն են համարվում հուշարձանները, համալիրները, տեսարժան վայրերը: Կոնվենցիայի չորրորդ հոդվածով սահմանվում է, որ Կոնվենցիայի մասնակից երկրի տարածքում գտնվող մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը նախ և առաջ տվյալ երկրի պարտավորությունն է. «Այդ նպատակով այն պետք է անի ամեն ինչ իր ռեսուրսների ընձեռած հնարավորությունների շրջանակում և, անհրաժեշտության դեպքում, միջազգային օգնության և համագործակցության միջոցով, մասնավորապես, ֆինանսական, գեղարվեստական, գիտական և տեխնիկական օգնության միջոցով, որը նա կարող է ձեռք բերել»:
«Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին» կոնվենցիան Ադրբեջանը ստորագրել է 1993 թվականի դեկտեմբերի 12-ին:
Մյուս՝ «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիան ստորագրվել և ընդունվել է 2003 թվականի հոկտեմբերի 17-ին: Կոնվենցիայի համաձայն, «ոչ նյութական մշակութային ժառանգության» սահմանման, սովորույթների, գիտելիքների ու հմտությունների հետ միասին, այն ներառում է նաև արվեստի գործերը և մշակութային տարածքները: Կոնվենցիայի 11-րդ հոդվածի առաջին կետով կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում իր տարածքում ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության համար:
«Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման մասին» կոնվենցիան Ադրբեջանը ստորագրել է 2007 թվականին:
«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի 4-րդ հոդվածի առաջին կետով օրենքով պատժելի հանցանք են համարվում ռասայական գերազանցության կամ ռասայական ատելության վրա հիմնված գաղափարների տարածումը, ռասայական խտրականության հրահրումը, ինչպես նաև ցանկացած ռասայի կամ մաշկի այլ գույն կամ էթնիկական այլ ծագում ունեցող անձանց խմբի դեմ ուղղված բռնության գործողությունները կամ դրանց հրահրումը: Կոնվենցիան ընդունվել է 1965 թ․ դեկտեմբերի 21-ին, իսկ Ադրբեջանը այն ստորագրել է 1996 թվականին:
Ադրբեջանի Հանրապետության սահմանադրության 40-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք պետք է հարգանքով վերաբերվի պատմական, մշակութային ու հոգևոր ժառանգությանը, պահպանի պատմական ու մշակութային հուշարձանները:
Այսպիսով, չնայած Ադրբեջանը միացել է վերոնշյալ կոնվենցիաներին, վավերացրել դրանք ու պետք է հետամուտ լիներ դրանց իրավական մեխանիզմների կիրառմանը, բայց այդ երկիրը Արցախում շարունակում է ավերել ու վնասել հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը:
Միջազգային արձագանք
2021 թ․ սեպտեմբերի 16-ին «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում Հայաստանը հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի։ Ներկայացվել էր նաև ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին միջնորդություն։ Դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ բավարարել էր Հայաստանի՝ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին միջնորդության պահանջների մեծ մասը:
Դա նշանակում է, որ Ադրբեջանը, միացած լինելով «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիային, պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգությանը վնաս հասցնող վանդալիզմի և անարգանքի գործողությունները, ներառյալ եկեղեցիները և այլ պաշտամունքի վայրերը, հուշարձանները, նշանավոր վայրերը, գերեզմանատները և արտեֆակտները:
2022 թ․ մարտի 9-ին Եվրոխորհրդարանը ընդունել է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը: Շեշտելով, որ մշակութային ժառանգությունն ունի համամարդկային նշանակություն՝ ԵԽ-ն խստորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը։ Բանաձևում նշվում է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը հայատյացության համակարգված քաղաքականության մաս է, և կոչ է արվում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝ միջազգային հանրության աջակցությամբ արդյունավետ հետաքննություն սկսել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղադրանքների վերաբերյալ՝ ներառյալ մշակութային ժառանգության պաշտպանության խաթարման դեպքերը։
2022 թվականի վերջին Եվրոպական խորհրդարանը «Մշակույթի և միջազգային մշակութային հարաբերությունների նոր եվրոպական օրակարգ» զեկույցի նախագծում դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը։
https://dev.fip.am/25511
2024 թ․ հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատը ընդունել է բանաձև, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի քաղաքականությունը։ Բանաձևը կոչ է անում հարգել մշակութային և կրոնական ժառանգությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այն խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների, մասունքների, հավաքածուների և մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգությունները։ Բանաձևն ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից փորձագետների խումբ ստեղծելու և այն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու անհրաժեշտությունը։
Դեռևս 2022 թ․ փետրվարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակի աշխատակից Թոմաս Մալարդը նշել էր Արցախ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ տեխնիկական առաքելություն ուղարկելու մասին: Նա հույս էր հայտնել, որ դա հնարավոր կլինի շուտով: «Բայց տվյալ պահին դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան»,- ասել էր Մալարդը։
2024 թ․ հունվարի 24-ին Եվրոպական խորհրդարանում անցկացվել է համաժողով՝ «Լեռնային Ղարաբաղի մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության» մասին: Համաժողովին մասնակցում էին նաև Էջմիածնի քարոզչական կենտրոնի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, մշակութային ժառանգության փորձագետ Արմինե Տիգրանյանը:
Համաժողովում ելույթ ունենալով՝ Ա․ Տիգրանյանն ընդգծել էր Արցախի մշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության համար անհապաղ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը:
«Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը ամեն օր ենթարկվում է ոչնչացման, և բռնագրավման, պղծության, անվանափոխման: Այսօր Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը անհետացման վտանգի տակ է: Եզակի արժեքների ոչնչացման մասին արձանագրված փաստերը վկայում են Ադրբեջանի՝ ընդգծված հակահայ քաղաքականության մասին: Լեռնային Ղարաբաղը զրկված է իր բնիկ ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգությունից: Սա կորուստ է ամբողջ աշխարհի համար»,- ասել էր նա։
Նույն համաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել էր, որ հայկական ինքնատիպ մշակութային ու հոգևոր ժառանգությունը ոչնչացվում է, մինչդեռ Ադրբեջանը դրա համար որևէ պատասխանատվության չի ենթարկվում:
Համաժողովի ավարտին որոշվել էր ընդունել Եվրոպական միության գործադիր մարմիններին ուղղված կոչ, որը կնախանշեր հետագա հստակ քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։
2024 թ․ փետրվարի 28-ին Եվրոպական խորհրդարանը «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման վերաբերյալ 2023 թվականի հաշվետվության» շուրջ պատրաստված զեկույցի 77-րդ կետով պահանջում է պաշտպանել հայկական մշակութային, պատմական և կրոնական ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի չափանիշներին և Ադրբեջանի միջազգային պարտավորություններին համապատասխան։
2024 թ․ մարտին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձև Եվրամիության և ՀՀ-ի միջև ավելի սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի անհրաժեշտության մասին բանաձև։ Դրանով Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները Արցախում, արձանագրում է, որ Ադրբեջանը խախտել է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թ․ դեկտեմբերի 7-ի որոշումը, լուրջ մտահոգություն է հայտնում «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պահպանման կապակցությամբ», դատապարտում է բոլոր այն շինությունների ու վայրերի ոչնչացման, վանդալիզմի և պղծման դեպքերը, «որոնք հիշեցնում են Լեռնային Ղարաբաղում հայկական բազմադարյա ներկայությունը»։ Բանաձևով Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին պահպանել ու պաշտպանել տարածաշրջանի հարուստ և բազմազան ժառանգությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու և պաշտպանելու համար։ Միաժամանակ, Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ամրապնդել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցությունը՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության (եկեղեցիներ, վանքեր, գերեզմանոցներ, հուշարձաններ, պալատներ և այլն-հեղ․) համակարգված ոչնչացման մոնիտորինգի նպատակով, հատկապես ԵՄ արբանյակի ներգրավմամբ։
Հարկ է միաժամանակ նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արցախում եկեղեցիների ու գերեզմանների ավերմանը ոչ մի կերպ չի արձագանքել։
Այսպիսով, չնայած այս բոլոր որոշումներին ու իրավական կարգավորումներին, արցախյան վերջին երկու պատերազմներից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ավերել Արցախում մշակութային հուշարձանները և խախտել միջազգային կոնվենցիաները, որոնք նաև ինքն է ստորագրել։
Ալյոնա Հայրապետյան