Թուրք լրագրող, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ Ահմեթ Շաիրօղլուն X-ի իր ալիքում գրել է, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին մեկնելու է Ադրբեջան։ Ըստ գրառման, Փաշինյանը Բաքվում մասնակցելու է ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, սակայն, հերքել է թուրք լրագրողի այս պնդումը՝ հայտարարելով․
«Փորձագետը արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի։ Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»։
Բաքվում կայանալիք համաժողովին Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորության մասին շատ է խոսվել, կողմերը չեն թաքցրել իրենց ցանկությունը համաձայնագիր ունենալու մասին, սակայն ՀՀ վարչապետի հնարավոր մասնակցության վերաբերյալ հստակ տեղեկություն չէր հրապարակվել։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը NE Global-ի հետ հարցազրույցի ընթացքում ասել էր, որ Բաքվում կայանալիք COP29-ի համաժողովը հրաշալի շանս է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար։
«Մենք զգուշավոր լավատեսություն ենք արտահայտում և գտնում ենք, որ տեքստի շուրջ բանակցությունները հնարավոր է ավարտել մինչև COP29-ի հանդիպումը։ Դա մեծ ազդակ կլինի արտաքին աշխարհին, որ հետխորհրդային տարածքի ամենահին, երկարատև ու ողբերգական հակամարտություններից մեկն ավարտվում է»,- ասել էր Ամիրբեկովը։
Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազայիլ Աղամալին հայտարարել էր, թե Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման դրական թափը կարող է նույնիսկ հանգեցնել Փաշինյանին Բաքու այցելելու հրավերի՝ անկախ նրանից՝ պաշտոնական խաղաղության համաձայնագիր ձեռք կբերվի, թե ոչ։
«Եթե դա տեղի ունենա, ապա Փաշինյանը կարող է հրավիրվել Բաքու»,- ասել էր Աղամալին։
Մայիսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող այն տեսակետին, թե Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի համաժողովը լավ հնարավորություն է խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար, ասել էր․
«Ամեն օր էլ հրաշալի հնարավորություն է խաղաղության պայմանագիրն ստորագրելու, և խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, և ես հույս ունեմ, որ ձեռք կբերվեն, ավելի ճիշտ այդ համաձայնությունները ձեռք բերված են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, դրանից հետո Սոչիում, հետո Բրյուսելում: Առանցքային սկզբունքները համաձայնեցված են, մնում է դա վերարտադրել խաղաղության պայմանագրի տեքստի մեջ: Եվ ես կարծում եմ, որ մենք ունենք հնարավորություն՝ օր առաջ այդ աշխատանքն ավարտելու։ Եթե տեսնենք՝ այս աշխատանքը ավարտվեց և եկել ու ամփոփվել է, հիմա պետք է անցնենք ստորագրման, տեղ, ժամ և այլն՝ դա ուրիշ հարց է, որը լրացուցիչ կքննարկենք»։
Այս հայտարարություններից առաջ` ապրիլի 23-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ միանգամայն իրատեսական էր համարել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը մինչև կլիմայական փոփոխությունների COP29 համաժողովը, որը նախատեսվում է նոյեմբերին Բաքվում։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության հասնելը մինչև COP29-ը, համենայն դեպս, հիմնարար սկզբունքների շուրջ, բավականին իրատեսական է թվում»,- հայտարարել էր Ալիևը։
Մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին մայիսի 7-ին կայացած ասուլիսում խոսել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Ես համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ, և դրա համար պետք է բոլոր համաձայնեցված սկզբունքները, որոնք բանակցային հարթակներում համաձայնեցվել են, արձանագրել խաղաղության պայմանագրում»։
Սյուզաննա Համբարձումյան