Հայաստանի նախկին նախագահ, այժմ Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 31-ին դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով Սահմանադրության մի հոդվածի մասին, թույլ է տվել կոպիտ սխալ։
Ըստ նրա, պարզվում է՝ հնարավոր է պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել և ազատվել Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արք․ Գալստանյանին այդքան խանգարող երկքաղաքացիության արգելքից:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվել են՝ չի՞ արգելում Սահմանադրությունը Բագրատ արքեպիսկոպոսին առաջադրվել վարչապետի պաշտոնում, Սերժ Սարգսյանը արձագանքել է․ «Չէ, կներեք, էդպես չի։ Կա սահմանադրական ելք, և Սահմանադրությունը հնարավորություն է տալիս խորհրդարանի 2/3-ով փոխել այն կետը, որն արգելում է երկքաղաքացիներին Հայաստանում զբաղեցնել բարձրագույն պաշտոններ։ Մի քիչ ավելի դժվար ելք է, քան պարզ անվստահություն հայտնելը, բայց էդ էլ է ելք»:
Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրությունը նման հնարավորություն չի տալիս, և Սերժ Սարգսյանը ճիշտ չէ։
Հայաստանի Սահմանադրության մեջ երկքաղաքացիությանն առնչվող դրույթն ընդգրկված է «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները» գլխում (2-րդ գլուխ)։ Ինչպես ՀՀ վարչապետին, այնպես էլ ԱԺ պատգամավորին ներկայացվող պահանջները նույնն են՝ թեկնածուն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պետք է հանդիսանա, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում պետք է մշտապես բնակվի (Հոդված 48)։
Միևնույն ժամանակ, Սահմանադրության 203-րդ հոդվածը սահմանում է, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 1-3-րդ, ինչպես նաև մի քանի այլ գլուխներում ու հոդվածներում փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:
Այսպիսով, Հայաստանի նախկին նախագահը սխալվում է՝ պնդելով, թե երկքաղաքացիությանը վերաբերող Սահմանադրության դրույթը կարող է փոխվել պատգամավորների միջոցով։ Դա ամենևին էլ այդպես չէ․ դրույթը, որը ներառված է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների վերաբերյալ գլխում, փոփոխության կարող է ենթարկվել միայն հանրաքվեի միջոցով։
Հասմիկ Համբարձումյան