Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանին հսկողությունն իրականացնելու են ՀՀ սահմանապահները։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները սպառազինությամբ ու պատրաստվածությամբ միանգամայն տարբեր են։
Առաջին սահմանային սյունը հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվեց ապրիլի 23-ին, և հայ սահմանապահներն արդեն կանգնած են իրենց հատկացված տեղերում։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույն օրն իր ֆեյսբուքյան էջում գրեց․ «Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը»՝ կցելով համապատասխան լուսանկարը։
Մինչ այս գրառումը և դրանից հետո Փաշինյանը մի քանի անգամ այցելել էր Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց ու Բերքաբեր համայնքներ, հանդիպել տեղի բնակչության հետ: Վարչապետը նրանց ասել էր, որ Հայաստան-Ադրբեջան սահմանազատված հատվածներում տեղակայվելու են հայկական ու ադրբեջանական սահմանապահ զորքեր։ Մայիսի 2-ին էլ խորհրդարանում նա հայտարարեց՝ սահմանազատումն արդեն իրողություն է։
Ադրբեջանի սահմանապահ ծառայության մասին
Ադրբեջանական սահմանապահ զորքերի կազմավորման հիմքը դրվել է 2002 թվականի հուլիսի 31-ին՝ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հրամանով։
Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի մասին օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ պետական սահմանն անմիջականորեն հսկող հիմնական ստորաբաժանումներն են սահմանային անցակետը (Sərhəd zastavası), սահմանային վերահսկողության ստորաբաժանումը, օպերատիվ հետախուզական ստորաբաժանումը, սահմանային օդանավը, սահմանային նավատորմը, ռադիոտեխնիկական պոստը, սահմանապահ զորքերի դաշտային հանձնակատարը։ Սահմանապահ ծառայության ղեկավարն է Էլչին Գուլիևը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 2002 թվականից։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ենթակայության տակ են գտնվում նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերը, որը ղեկավարում է Բաբեկ Էլեկբերովը։ Այս ստորաբաժանումն անվանում են նաև «կանաչ բերետավորներ»։
2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ վերոնշյալ ստորաբաժանումն ակտիվորեն մասնակցել է ռազմական գործողություններին։
Ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2020 թվականի ուսումնասիրության՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինությունում կան հետևակի մարտական մեքենաներ (BMP-1/BMP-2), զրահապատ փոխադրիչներ (BTR-60/70/80), համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (122mm 3 T-122), հարձակողական ուղղաթիռներ (24 Mi-35M Hind) և անօդաչու թռչող սարքեր (Medium Hermes 900):
Նույն ինստիտուտի 2021 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինությունը համալրվել է «Հերմես 450» և «Հարոպ» տեսակի անօդաչու թռչող սարքերով։
2022 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինության մեջ ավելացել են օդանավ (Light 40 An-2 Colt ) և անօդաչու թռչող սարքի նոր տեսակ (SkyStriker):
2023 և 2024 թվականների Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինության հավաքակազմերը, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ուսումնասիրությունների, մնացել են նույնը։
Հայաստանի սահմանապահ զորքերի մասին
Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերը ստեղծվել են 1992 թ․ փետրվարին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կազմում։ 1993 թ․-ին ՀՀ նախագահի հրամանագրով ՊՆ սահմանապահ զորքերի վարչությունը տեղափոխվել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության ենթակայության ներքո և հետագայում վերանվանվել` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր։ 1994 թ. ապրիլի 26-ին ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը, առաջին անգամ ընդունեց օրենք «ՀՀ պետական սահմանի մասին», այնուհետև 2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվեց «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքը:
«Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ սահմանապահ զորքերի կենտրոնական ղեկավարման մարմինը՝ պետական սահմանի պահպանության գլխավոր վարչությունը, կազմված է ենթակա միավորումներից ու զորամասերից, սահմանային վերահսկողության զորամասերից ու ստորաբաժանումներից, ուսումնական զորամասերից և ապահովման ստորաբաժանումներից:
Ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2020 թվականի ուսումնասիրության՝ Հայաստանի սահմանապահ զորքերի սպառազինությունում կան զրահապատ հետախուզական մեքենաներ, հետևակի մարտական մեքենաներ (BMP-1), զրահապատ փոխադրիչներ (BTR-60, BTR-70), օդադեսանտային մարտական մեքենաներ (BMD-1)։
Նույն ինստիտուտի 2021 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի սահմանապահ զորքերի սպառազինությունը մնացել էր նույնը՝ նախորդ տարվա համեմատությամբ։
2022 թվականի ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի սահմանապահ ծառայության սպառազինության մեջ ևս համալրումներ չեն եղել։
2023 և 2024 թվականների Հայաստանի սահմանապահ զորքերի սպառազինության հավաքակազմերը, ըստ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի ուսումնասիրությունների, մնացել են նույնը։ Այսինքն, Հայաստանի սահմանապահ զորքերի սպառազինության հավաքակազմը, առնվազն 2020 թվականից ի վեր, չի համալրվել նոր զինատեսակներով ու ռազմամթերքով։ Մինչդեռ Ադրբեջանի սահմանապահ ծառայության սպառազինության մեջ եղել է ոչ միայն առկա զինատեսակների քանակի, այլև նոր զինատեսակների ավելացում։
Այսպիսով, թեև Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներում այսուհետ ծառայություն են իրականացնելու ոչ թե զինվորականներ, այլ սահմանապահներ, այդուհանդերձ, ադրբեջանական սահմանապահ ծառայությունը բավական ռազմականացված ստորաբաժանում է՝ հագեցած ռազմական տեխնիկայով:
Ալյոնա Հայրապետյան