Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ պատմել են Եվրոպայում «Ների՛ր ինձ» խորագրով ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով ներգաղթյալների կողմից բռնաբարության ենթարկված զոհերը, իբր, ներողություն են խնդրում իրենց բռնաբարողներից։
«Եվրոպայում հանդուրժողականության մակարդակն անցնում է բոլոր ռեկորդները։ Եվրամիությունում բռնության զոհերը ֆլեշմոբ են սկսկել, որի օգնությամբ փորձում են ներողություն խնդրել ներգաղթյալներից, ովքեր անարգել են իրենց․․․Կազմակերպիչների մտահղացման համաձայն՝ կանայք պետք է սոցիալական ցանցերից որևէ մեկի էջում տեղադրեն լուսանկար՝ իրենց բռնաբարողի անվամբ պաստառով և նրանից ներողություն խնդրելու մասին գրությամբ»,- հաղորդում է «360 աստիճան» հեռուստաընկերությունը։
Սակայն ռուսական հեռուստաընկերության հաղորդած այս լուրը հորինված ապատեղեկատվություն է, որը ներկայցվել է նաև առցանց ԶԼՄ-ներում։
«Ակցիայի նպատակը եվրոպացի կանանց զղջումն է ներգաղթյալների հանդեպ այլասերված անբարոյական վարքագծի և հանդերձանքի համար, որոնք ստիպել են ներգաղթյալներին սեռական բռնության դիմել կանանց հանդեպ», — գրել է «Новые известия» պարբերականը։
Մինչդեռ, նման ակցիա չի իրականացվել ընդհանրապես։ Ռուսական լրատվամիջոցները հորինել են դրա գոյությունը՝ մի շարք փաստերի աղավաղմամբ և դրանց մանիպուլյացիոն համադրմամբ։
ԶԼՄ-ներում որպես ֆլեշմոբի անցկացման միակ ապացույց տարածվել է մի լուսանկար, որում պատկերված է «Ների՛ր ինձ, Մուստաֆա՛» գրությամբ պաստառով մի աղջիկ։ Իրականում ցուցադրված լուսանկարը խմբագրված և փոփոխված է։ Դրա բնօրինակն արված է 2014 թվականի հոկտեմբերին և նկարում պատկերված աղջիկը ոչ թե ներգաղթյալներից ներողություն խնդրող բռնության զոհ է, այլ Ուկրաինայում անցկացված «ЗігрійГероя» («Ջերմացրու հերոսին») ակցիայի մասնակից։ Իսկ ցուցադրված պաստառին ոչ թե գրված է «Ների՛ր ինձ, Մուստաֆա՛», այլ ուկրաիներեն «Ցո՞ւրտ է, մտածի՛ր նրա մասին, ով խրամատում է քնում» գրությունն է:
Ռուսական մեդիայում եվրոպական արժեքները հաճախ ներկայացվում են որպես «այլասերում», հաճախ շահարկվում է նաև «եվրոպական հանդուրժողականության անպետքությունը»։
Ավելի վաղ SUT․am-ը պատմել էր ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության կողմից «Հայաստանին ինցեստ–շքերթներ են սպասվում կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը» վերնագրով նյութում հրապարակված ապատեղեկատվությունների և մաիպուլյացիոն միջոցների մասին։