Նախորդ շաբաթ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ակտիվորեն տարածում էին իբր դեպի հայ-ադրբեջանական սահման հայկական զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժի մասին լուրեր ու տեսանյութեր։
Ով է առաջինը տարածել զորաշարժի մասին լուրը
Մարտի 29-ին ադրբեջանական Без Тормозов տելեգրամյան ալիքը քաղաքային բնակավայրում հայկական ռազմական փոխադրամիջոցների տեղաշարժը պատկերող տեսանյութ էր տարածել՝ միևնույն ժամանակ չպնդելով, թե դրանում երևում է հայկական կողմից զորաշարժը դեպի հայ-ադրբեջանական սահման։
Արդեն մարտի 30-ին առաջին անգամ նման պնդում է անում ռուսաստանյան Оперативные сводки տելեգրամյան ալիքը, որը, հրապարակելով հայկական ռազմական փոխադրամիջոցների տեղաշարժը պատկերող տեսանյութ, նշում է, թե «Հայաստանի աղբյուրները արձանագրում են Հայաստանի զինված ուժերի անձնակազմի և մարտական տեխնիկայի ինտենսիվ տեղաշարժ և կենտրոնացում հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով․․․ Ինչպես պնդում է աղբյուրը, հայ զինվորականների նման ակտիվություն չի նկատվել անցյալ տարվա սեպտեմբերից»։
Հրապարակումն արվել է ժամը 19։37-ին։
Ավելի ուշ Оперативные сводки ալիքի այս գրառումն ակտիվորեն տարածում էին ինչպես ռուսաստանյան, այնպես էլ ադրբեջանական ալիքները։
Ադրբեջանական Karabakh Today ալիքը, օրինակ, տեղեկություն էր տարածել, թե «տեղաշարժը եղել է Նախիջևանի հետ հայ-ադրբեջանական սահմանին»։
«Տեղեկացնում են, որ հայ զինվորականները Արազդեյենի (Երասխի) միջով շարժվում են դեպի ադրբեջանական բռնազավթված Քյարքի (Տիգրանաշեն) անկլավը»,- ասվում էր գրառման մեջ։
Այսպիսով, հայկական կողմի՝ զորքեր կուտակելու մասին պնդումն առաջինը տարածվել է ռուսաստանյան տելեգրամյան ալիքի միջոցով, որին ավելի ուշ սկսել են հղում անել ադրբեջանական ալիքները։
Հայկական կողմի արձագանքը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի ուշ նույնպես հաղորդագրություն տարածեց՝ մեղադրելով ՀՀ-ին հայ-ադրբեջանական սահմանին զորքեր կուտակելու մեջ։
Մարտի 31-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքեց Բաքվի տարածած հաղորդագրությանը․ գերատեսչությունը նշում էր, որ Ադրբեջանի տարածած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Հաղորդագրության մեջ, միաժամանակ, նշվում էր, որ մարտի 30-ին տելեգրամյան ալիքներում տարածվել են «ՀՀ ԶՈՒ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում»:
ԵՄ դիտորդները նույնպես հերքեցին Բաքվին
Մարտի 31-ի կեսօրին Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հաղորդագրություն տարածեց՝ հերքելով Բաքվի՝ զորաշարժի մասին պնդումները․ «Սահմանին ամեն ինչ հանգիստ է, ոչ մի արտասովոր տեղաշարժ չի նկատվել, առաքելությունը սահմանի ամբողջ երկայնքով իրականացնում է մշտադիտարկում»։
EUMA patrolled along the AM-AZ border all day long, everything is calm and quiet, no unusual movements observed. EUMA wishes everybody a peaceful Easter! ✨
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) March 31, 2024
ԵՄ առաքելության X հարթակում արված հաղորդագրությունը կիսել էր նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Good to have confirmation from @EUmARMENIA that no unusual military movements have been observed. That is what the purpose of the mission is: to provide greater transparency and build confidence. It remains open to more engagement also with the authorities of 🇦🇿. https://t.co/hIxU5wvqTh
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 31, 2024
Հատկանշական է, որ հաջորդ օրը՝ ապրիլի 1-ին, Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Հայաստանը շարունակում է կենտրոնացնել ռազմական ուժերը Ադրբեջանի հետ պայմանական սահմանին և կառուցել ամրաշինական կետեր։
Նույն օրը՝ ավելի ուշ, ԵՄ առաքելությունը նորից տարածեց հաղորդագրություն՝ նշելով, որ առաքելությունը շարունակում է հետևել սահմանին տիրող իրավիճակին, որևէ անսովոր ռազմական տեղաշարժ չի գրանցվել ու ամեն ինչ հանգիստ է։
Բաքվի հաղորդագրությանը հետևեց նաև հայկական կողմի արձագանքը․
Այսպիսով, Բաքվի՝ զորաշարժի մասին պնդումները հերքել է ոչ միայն հայկական կողմը, այլ նաև ԵՄ դիտորդական առաքելությունը։
Տեղեկատվական գրոհից՝ կրակոցներ
Ապրիլի 2-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն այն մասին, որ ապրիլի 1-ին՝ երեկոյան ժամը 22։00-22։20 սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Նախիջևանի հետ սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արդեն ապրիլի 2-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին՝ ժամը 22:00-ին, Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին, Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Ալյոնա Հայրապետյան