«5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման եթերում վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանը պնդել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախում էթնիկ զտում չի եղել։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի գործողությունների և դրանց հաջորդած զարգացումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները։
Ըստ ամենայնի, Մելքոնյանը հղում է անում նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Փաշինյանի հնչեցրած խոսքերին․
«Մեր գնահատականն այն է, որ ուղի՛ղ վտանգ քաղաքացիական բնակչությանը չկա, մանավանդ հրադադարի պայմաններում: Իհարկե, կան իրենց տներից տեղահանված քաղաքացիներ, բայց մենք մեր միջազգային շփումներում խնդիր ենք դնում, որ նրանք վերադառնան իրենց տներ»։
FIP.am-ն այդ ժամանակ գրել էր, որ վարչապետի այդ հայտարարությունը դարձել էր պաշտոնական Բաքվից հնչող մի շարք մանիպուլյատիվ ու կեղծ պնդումների հիմք։ Օրինակ, Փաշինյանի այս հայտարարությունն ընդդեմ հայկական կողմի օգտագործեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ի հակադարձում ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ հրավիրված նիստին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթի։
FIP.am-ն այդ օրերին համադրել էր նաև քաղաքացիական բնակաչության անվտանգային իրավիճակի վերաբերյալ վարչապետի ու ԱԳ նախարարի գնահատականները՝ պարզելով, որ դրանք ամբողջությամբ հակասում են միմյանց։
Միևնույն ժամանակ, սակայն, Փաշինյանը երբևէ չի հայտարարել, որ էթնիկ զտում Արցախում տեղի չի ունեցել, ընդհակառակը՝ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ի կառավարության նիստում նա հայտարարել է, որ այն, ինչ կատարվում էր Արցախում, էթնիկ զտում է։
«Սա էթնիկ զտման ու հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք ահազանգում էինք միջազգային հանրությանը: Միջազգային տարբեր խաղացողների կողմից էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարությունները պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն»,- հայտարարել էր Փաշինյանը։
Այսպիսով, Սերգեյ Մելքոնյանը խեղաթյուրում է 2023 թ․ սեպտեմբերին Արցախում ադրբեջանական գործողությունների վերաբերյալ Փաշինյանին խոսքերը. նա ոչ միայն չի հերքել, այլ նաև հստակ արձանագրել է Արցախում էթնիկ զտման փաստը։
Արփինե Հովհաննիսյան