Հունվարի 28-ին, ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ բանակը բարեփոխելը իշխանության օրակարգում է։
Սակայն ի հակադրություն բանակը բարեփոխելու խոստումների՝ բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվն աճում է։ Դրա ապացույցներից մեկն էլ արդեն իսկ տարեսկզբին երկու զինծառայողների մահն է։
Հունվարի 10-ին ոչ մարտական պայմաններում երկու զինծառայողներ էին զոհվել, որին հետևել էր Պաշտպանության նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը՝ հետևողական աշխատանք տանել ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղությամբ։
«Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Դատախազություն՝ Զինված ուժերում 2018-2023 թվականների ընթացքում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած մահերի մասին տեղեկատվություն ստանալու համար։
Ոչ մարտական պայմաններում գրանցված մահերի վիճակագրությունը բաժանվում է ծառայության հետ կապված և չկապված մահերի տվյալների։ Ըստ այդ տվյալների՝ ոչ մարտական պայմաններում 2018-ին գրանցվել է 36 մահվան դեպք, 2019-ին՝ 32, 2020-ին՝ 46, 2021-ին՝ 42, 2022-ին՝ 38, իսկ 2023-ին՝ 53 մահվան դեպք։
Դեռևս 2019-ին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «բանակում ամեն զինծառայողի մահը հետայսու դառնալու է խնդիր պետության համար»։ 2023 թվականին, սակայն, 2018-ի համեմատ մահվան դեպքերը գրեթե 50 տոկոսով ավելացել են։
Օրինակ՝ ինքնավնասումների մասով, ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացրած տվյալների, Զինված ուժերում վերջին 2 տարում ինքնավնասումների դեպքերն աճել են 66 տոկոսով։
2020 թվականին բանակում տեղի է ունեցել 65 ինքնավնասման դեպք, 2021-ին՝ 77, 2022-ին՝ արդեն 108 ինքնավնասման դեպք։
Ըստ Դատախազության տվյալների՝ 2018-2023 թվականներին ծառայության հետ կապված 109 մահվան դեպքերից 29-ը կամ բոլոր դեպքերի 26%-ը ինքնասպանություններ են։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ թեև իշխանությունները տարիներ շարունակ խոսում են բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի անթույլատրելիության և մեղավորների պատժի անխուսափելիության մասին, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղաղ պայմաններում զինծառայողների մահերի թիվը ոչ միայն չի նվազում, այլ նաև աճում է։
Արփինե Հովհաննիսյան