2021 թվականի նոյեմբերի 18-ին ոստիկանությունը հայտարարել էր Երևան քաղաքում Պարեկային ծառայության մեքենաների ավտոլվացման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ 2022 թ․ հունվարի 5-ին կնքվել էր պայմանագիր՝ հայտարարված մրցույթի հաղթող «ԱԿԱ 3» ՍՊԸ-ի հետ։
Ինչպես գնման հրավերով, այնպես էլ պայմանագրով նախատեսված էր, որ ընկերությունը պետք է ունենար միաժամանակ նվազագույնը 3 մեքենա լվանալու հնարավորություն, գտնվեր Պարեկային ծառայության մշտական տեղակայման վայրերին մոտ, ինչպես նաև ունենար նվազագույնը 15 քմ մակերեսով փակ սպասասրահ։
Սակայն Հաշվեքննիչ պալատը 2022 թ․ առաջին ինը ամիսներին ոստիկանությունում իրականացրած ընթացիկ հաշվեքննության արդյունքում պարզել էր, որ ծառայություններ մատուցող «ԱԿԱ 3» ՍՊԸ-ի կողմից չեն պահպանվում մի շարք պայմանագրային կետեր։ Մասնավորապես, ավտոլվացման կետը չունի առանձին փակ սպասասրահ՝ առնվազն 15 քմ, գտնվում է պայմանագրով նախատեսված տարածքից ավելի հեռու, ինչպես նաև չունի միաժամանակ 3 մեքենա լվանալու հնարավորություն։
Այս առումով ոստիկանությունը Հաշվեքննիչ պալատին որևէ մեկնաբանություն չի տվել, սակայն հաշվի առնելով հաջորդիվ անցկացված մրցույթները՝ կարող ենք ասել, որ ընդունել է այն ի գիտություն, քանի որ արդեն 2022-ի դեկտեմբերին Երևան քաղաքի Պարեկային ծառայության մեքենաների ավտոլվացման համար հայտարարված մրցույթում փոփոխություն էր կատարել հրավերի հայտում և միաժամանակ 3 մեքենա լվանալու պահանջի փոխարեն սահմանել էր 2 մեքենա լվանալու պահանջ, տեղակայման վայրի համար սահմանել էր նոր չափանիշներ, իսկ սպասասրահի մակերեսը նախկին 15 քմ-ի փոխարեն սահմանել 10-15 քմ։
Հատկանշական է, որ ոստիկանության կողմից մեքենաների լվացման ծառայությունների հայտերում էական տարբերություններ կան՝ կախված դրանց գտնվելու վայրերից։ Օրինակ՝ մարզերում նույն ծառայության մատուցման համար գնման հայտում սահմանված չափանիշները բոլորովին այլ են։ Միաժամանակ, մի քանի մեքենա լվանալու պահանջի փոխարեն սահմանվել է ավտոլվացման կետի նվազագույն մակերեսի պահանջը՝ 25 քմ, չի պահանջվում փակ սպասասրահի առկայություն և այլն։
Թե ո՞րն է ճիշտ նույն ծառայությունը միմյանցից տարբերվող տեխնիկական առաջադրանքներով սահմանելու պատճառը՝ հայտնի չէ։
Ինչպես Երևանում, այնպես էլ մարզային մի շարք քաղաքներում ավտոլվացման ծառայություններ մատուցելու հաջորդ մրցույթներում կրկին հաղթող էր ճանաչվել «ԱԿԱ 3» ՍՊԸ-ն։
Սակայն այս գնման գործընթացի և դրա կատարման հաշվեքննության արդյունքում ևս Հաշվեքննիչ պալատը անհամապատասխանություններ էր գտել։ Մասնավորապես, ՆԳՆ-ում 2023 թ․ բյուջեի առաջին վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքում հայտնաբերվել էր, որ իրականում «ԱԿԱ 3» ՍՊԸ-ն ավտոլվացման ծառայությունները պատվիրակում է այլ ընկերությունների, մինչդեռ դրա իրավունքը չունի և պարտավոր է անձամբ մատուցել ծառայությունը։ Բացի դրանից, ընկերությունը վճարվել է դեռ չմատուցված ծառայության համար։
Այսպիսով, միայն ավտոլվացման ծառայությունների հաշվեքննության արդյունքում Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնց արդյունքում կարելի է եզրակացնել, որ «ԱԿԱ 3» ՍՊԸ-ին Ներքին գործերի նախարարության կողմից տրվել էր փաստացի արտոնյալ կարգավիճակ և մրցույթի մյուս մասնակիցները հայտնվել էին ոչ մրցակցային վիճակում, իսկ ոստիկանությունը հաջորդ մրցույթի պայմանները փոխել էր այնպես, որ դա առավելապես բավարարի հենց այդ ընկերությանը։
Սևադա Ղազարյան