Սոցիալական մեդիայում պարբերաբար շրջանառվում են Հայաստանում աշխատանքի անցած՝ բռնի տեղահանված արցախցիների տարբեր թվեր։
«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու 2023 թվականի սեպտեմբերի 20-ից ի վեր Հայաստանում աշխատանքի անցած՝ բռնի տեղահանված ԼՂՀ քաղաքացիների թիվը։
Ըստ այդմ, Արցախում ադրբեջանական ագրեսիայից հետո ՀՀ պետական հատվածում աշխատանքի է ընդունվել բռնի տեղահանված 1531 արցախցի։ Մասնավոր հատվածում նշված ժամանակահատվածից սկսած աշխատանքի է անցել 7638 ԼՂՀ քաղաքացի։
Ընդգծենք, սակայն, որ ՊԵԿ-ը տրամադրել է պետական և մասնավոր ոլորտներում աշխատող միայն այն արցախցիների թիվը, որոնք 2024 թվականի հունվարի 18-ի դրությամբ ազատման հայտ չունեն՝ շարունակում են աշխատել․ սա նշանակում է, որ ՀՀ-ում աշխատանք գտած, բայց հետագայում տարբեր պատճառներով աշխատանքից ազատված արցախցիների թիվը կարող է ավելի մեծ լինել։
Միևնույն ժամանակ, ՊԵԿ-ից հայտնում են, որ համատեղությամբ և՛ մասնավոր, և՛ պետական հատվածներում աշխատող բռնի տեղահանված արցախցիները երկու հատվածների վիճակագրության մեջ էլ ներառված են։
Կոմիտեից, սակայն, հարցման պատասխանի մեջ չեն նշել, թե որքան է կազմում համատեղությամբ երկու հատվածներում էլ աշխատող արցախցիների թիվը, ինչը, փաստացի, թույլ չի տալիս ունենալ 2024 թվականի հունվարի 18-ի դրությամբ աշխատանք ունեցող բռնի տեղահանված արցախցիների ընդհանուր թիվը։
Կարդացեք նաև Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից հոդվածը:
Նանե Մանասյան