Տեղեկատվական դաշտում պարբերաբար շրջանառվում են Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների տարբեր թվեր։
2023 թվականի դեկտեմբերին սոցիալական մեդիայի մի շարք օգտատերեր ու կայքեր տարածեցին տեղեկություն, թե ՀՀ-ն լքած արցախցիների թիվը 25 հազար է։ Իսկ ավելի վաղ էլ՝ հոկտեմբերին, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել էր Հայաստանից հեռացած 10 հազար արցախցիների մասին։
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը 2023 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ 2024 թվականի հունվարի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 115 հազար քաղաքացու տվյալ է հաշվառվել։
«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն՝ պարզելու Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների թիվը։
Այսպես, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2024 թվականի հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական սահմանի օդային ու ցամաքային անցման կետերով երկրից մեկնել է Լեռնային Ղարաբաղի հաշվառում ունեցող 12,203 անձ, որից 5770-ը վերադարձել է։
Ստացվում է, ընթացիկ տարվա հունվարի 16-ի դրությամբ ՀՀ-ից հեռացած և չվերադարձած՝ ԼՂ հաշվառում ունեցողների թիվը 6433 է։
Այսպիսով, պաշտոնական տվյալները հակասում են ավելի վաղ համացանցում շրջանառված պնդումներին, թե ՀՀ-ից հեռացած արցախցիների թիվը գերազանցում է մեկ կամ երկու տասնյակ հազարը։
Նանե Մանասյան