ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 14-ին կայացած իր ամենամյա տարեվերջյան ասուլիսի ընթացքում հայտարարել է, թե «ոչ թե ՌԴ-ն է հրաժարվել Ղարաբաղից, այլ ՀՀ-ն է ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս»։
«Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ նախկինում արված հայտարարություններին։
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ նոյեմբերի 17-ին, հրապարակվում է «Ռոսիա 24»-ին տված Պուտինի հարցազրույցը, որում վերջինս նշում է․ «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, դա նշանակում է, որ թե՛ ԼՂ-ն և թե՛ հարակից 7 շրջանները հանդիսացել, հանդիսանում են Ադրբեջանի տարածքի անքակտելի մաս»։
Մինչդեռ, ՀՀ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը, ճանաչել է Ադրբեջանի մաս 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, ինչին նախորդել էր Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Այսպիսով, Պուտինի պնդումը, թե ՌԴ-ն «չի հրաժարվել Ղարաբաղից»՝ հայկական կողմի պես այն Ադրբեջանի մաս ճանաչելով, մանիպուլյատիվ է։ ՌԴ-ն «հրաժարվել է Ղարաբաղից» 44-օրյա պատերազմի հրադադարից շաբաթներ անց։
Նանե Մանասյան