Հանրային հեռուստաընկերության եթերում քաղաքագետ Հարություն Մկրտչյանը պնդել է, թե Լեռնային Ղարաբաղի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը մերժել է ադրբեջանական կողմի՝ Աղդամ-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի գործարկման առաջարկը։
Լաչինի միջանցքն արգելափակած Ադրբեջանը 2023 թվականի հուլիսին ԼՂ հայերի կարիքների բավարարման համար առաջարկել էր գործարկել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ որպես միջանցքին այլընտրանք։ Այս մասին առաջին անգամ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության ղեկավարի հետ հանդիպմանը։
Այդ ժամանակ դեռևս պաշտոնավարող ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը բազմիցս հայտարարել էր, որ միայն Լաչինի միջանցքով են պատրաստ հումանիտար բեռներ ստանալ։
Արդեն օգոստոսի վերջ ադրբեջանական կողմը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր ուղարկեց Լեռնային Ղարաբաղ՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, սակայն դրանք ԼՂ բնակիչների դիմադրությամբ տևական ժամանակ արգելափակված մնացին Աղդամում՝ չհատելով ԼՂ-ի՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին։
Սեպտեմբերի 12-ին, երբ արդեն Հարությունյանը հրաժարական էր տվել և նրա փոխարեն նախագահի պաշտոնում նշանակվել էր Սամվել Շահրամանյանը, ռուսական օգնությամբ մեկ բեռնատար Աղդամի ճանապարհով մտավ Ստեփանակերտ․ 15 տոննա բեռը դատարկվել էր, բեռնատարը հեռացել էր նույն ճանապարհով։
Արդեն սեպտեմբերի 18-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց՝ ԼՂ իշխանությունները որոշել են ընդունել Լաչինի միջանցքով և Աղդամով հումանիտար բեռների միաժամանակյա տեղափոխումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։
Այսպիսով, քաղաքագետի պնդումը կեղծ է, Սամվել Շահրամանյանը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, չի մերժել Ադրբեջանի առաջարկած Աղդամ-Ստեփանակերտ այլընտրանքային ճանապարհի գործարկման առաջարկը․ ճանապարհով բեռներ են մտել Ստեփանակերտ։
Նանե Մանասյան