Ազգային ժողովում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին հակադարձող ելույթում հռետորական հարց է հնչեցրել, թե արդյո՞ք շահերի բախում չկա, երբ պատգամավորները քվեարկությամբ բարձրացնում են իրենց աշխատավարձը։
«Բա ԱԺ պատգամավորի աշխատավարձը բարձրացնելիս ԱԺ կողմից այդ նույն նախագծին քվեարկելը շահերի բախում չէ՞»,- ասել է Հարությունյանը։
Հարությունյանի ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն արձագանքել է՝ նշելով, որ պատգամավորներն իրենք իրենց աշխատավարձը չեն բարձրացրել։ Արշակյանի այս պնդումը ճիշտ է՝ խորհրդարանում պատգամավորի աշխատավարձի բարձրացման քվեարկություն չի եղել։
Միևնույն ժամանակ, սակայն, FIP.am-ը նկատեց, որ խորհրդարանը բարձրացրել է պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը՝ այն 50,000 դրամից դարձնելով 250,000 դրամ։
2021 թվականի հուլիսի 15-ին նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանը, 71 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Այդ ժամանակ խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունը, կողմ քվեարկելով նախագծին, հնգապատկեց սեփական ծախսերի համար հարկատուների հաշվին տրվող գումարի չափը։
Հիմնավորման մեջ նշվում էր․ «Կարգավորումն օրենքի ընդունման օրվանից հետո չի վերանայվել, մինչդեռ անցած ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում»:
Նշվում էր, որ «արդեն հաջորդ՝ 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թիվը 107 է, որը 25-ով պակաս է 7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվից (132) և տարեկան հաշվարկով պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ՝ պակասում են մոտ 17․7 մլն դրամով»։
Այսպիսով, թեև Արշակյանի դիտարկումը, թե ԱԺ պատգամավորները սեփական աշխատավարձերը չեն բարձրացրել, ճիշտ է, միևնույն ժամանակ, սակայն, խորհրդարանն ընդունել է պատգամավորների ամսական ծախսերի համար տրվող գումարը հնգապատկող նախագիծը։
Նանե Մանասյան