Ղազախական սունկ կայքերից մեկը նոյեմբերի 21-ին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը պատրաստվում է սպառազինություն ձեռք բերել Ղազախստանից։
Կայքը տեղեկության աղբյուր է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պնդելով, թե նա հայտարարել է՝ Երևանն ու Աստանան, «հիասթափվելով ՀԱՊԿ-ի իրենց խոշոր գործընկերոջից, չեն պատրաստվում դադարեցնել ռազմատեխնիկական համագործակցությունը միմյանց հետ՝ որպես կազմակերպության անդամներ»։
Կայքը նաև պնդել է, թե իբր Հայաստանն ու Ղազախստանը սպառազինության մատակարարման պայմանագիր են ստորագրել, որով նախատեսվում է, ի թիվս այլ զինատեսակների ,ՀՀ-ին մատակարարել «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետներ։
Այս տեղեկությունն ավելի ուշ հայտնվել է նաև ադրբեջանական քարոզչական ռեսուրսներից Haqqin.az-ում․ ադրբեջանական ռեսուրսից լուրն արտատպել է հայաստանյան Mamul.am-ը։
«Փաստերի ստուգման հարթակը», ուսումնասիրելով բաց ու արժանահավատ աղբյուրները, պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր պաշտոնավարման ընթացքում երբևէ հրապարակային հայտարարություններ չի արել Ղազախստանից սպառազինություն ներկրելու՝ հայկական կողմի մտադրությունների մասին։
Պապիկյանը նաև երբևէ հրապարակային խոսքում չի հնչեցրել «ՀԱՊԿ-ի իրենց խոշոր գործընկերոջից հիասթափվելու» վերաբերյալ՝ ղազախական սունկ կայքի կողմից իրեն վերագրվող հայտարարությունը։
Վերոհիշյալ պնդումները տեղ չեն գտել նաև որևէ արժանահավատ և պաշտոնական աղբյուրում։
Այսպիսով, ղազախական սունկ կայքի տարածած լուրը, որը հայտնվել է ադրբեջանական քարոզչական ռեսուրսներում, ապա հայաստանյան տեղեկատվական տիրույթում, ակնհայտ կեղծ է՝ ՀՀ-ն Ղազախստանից զենք ներկրելու մտադրության մասին հայտարարություններ չի արել։
Նանե Մանասյան