«5-րդ ալիքի»` հոկտեմբերի 17-ի լրատվական թողարկման ընթացքում լրագրողը, հղում անելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսին Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ուղիղ խոսքին, պնդել է, թե կառույցը ԼՂ հայերի բռնի տեղահանումն անվանում է մարդկանց «տեղաշարժ»։
«ԵԽ-ն Արցախում տեղի ունեցածն անվանում է․․․ ոչ թե էթնիկ զտում, ոչ թե բռնի տեղահանում, այլ հենց տեղաշարժ»,- ասվում է լրատվական թողարկման ռեպորտաժում։
Լրագրողը, հիմնավորելու համար իր պնդումը, մեջբերում է Մեցոլայի ուղիղ խոսքից հետևյալ հատվածը․ «Մենք խոսում ենք 100 հազար անձի տեղաշարժի մասին` Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան»:
Հոկտեմբերի 17-ին Ստրասբուրգում Հայաստանի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ԵԽ նախագահ Մեցոլան, բացի TV 5-ի մեջբերած հայտարարությունից, մի շարք այլ հայտարարություններ էլ է արել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի վերաբերյալ։
Օրինակ, խոսելով ԵՄ-ի կողմից ԼՂ հայերի համար նախատեսվող աջակցության մասին, Մեցոլան օգտագործում է «փախստական» (refugee) եզրույթը․ «Մեր աջակցությունն ենք առաջարկում Լեռնային Ղարաբաղից եկող փախստականների հոսքի կապակցությամբ…»:
Նույն ասուլիսի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան Մեցոլան օգտագործում է նաև «հարկադիր տեղահանված» (forcibly displaced) եզրույթը․ «Ես խոսել եմ պատասխանատու հանձնակատարի հետ և այն փաստի մասին, որ կպահանջվի լրացուցիչ բյուջետային աջակցություն: Մարդասիրական գործիքներ պետք է հավաքվեն, որպեսզի աջակցություն ցուցաբերվի հարկադիր տեղահանված մարդկանց»։
Այսպիսով, Մեցոլան ասուլիսի ընթացքում երկու անգամ տարբեր ձևակերպումներով արձանագրում է՝ ԼՂ հայերի բռնի, հարկադիր տեղահանման փաստը, սակայն TV-5-ը, անտեսելով այդ արձանագրումերը և հիմնվելով համատեքստից կտրված մեկ հայտարարության վրա, խեղաթյուրում է ԵԽ դիրքորոշումը Արցախում վերջին զարգացումների վերաբերյալ։
Հատկանշական է, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին, ԵԽ-ն Արցախում սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել, որում արձանագրվել է՝ «ԼՂ-ից ավելի քան 100,000 էթնիկ հայերի տեղահանումը հավասարազոր է էթնիկ զտումների»։
Փաստացի, կառույցը Արցախում ադրբեջանական վերջին գործողություններն անվանել է նաև էթնիկ զտում։ Հետևաբար, TV-5-ը խեղաթյուրում է ԵԽ-ի և, մասնավորապես, կառույցի նախագահ Մեցոլայի դիրքորոշումն Արցախում սեպտեմբերի 19-ից ծավալված զարգացումների վերաբերյալ։
Նանե Մանասյան