Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ իր ճեպազրույցում մեկնաբանել էր Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Շահրամանյանի ընտրությունն ու դրան հաջորդած զարգացումները։
Պատգամավորն արձանագրել էր, որ աշխարհաքաղաքական դերակատարներից միայն Ռուսաստանի Դաշնությունն է, որ որևէ բացասական արձագանք չի տվել նախագահ Շահրամանյանի ընտրությանը։
Հիշեցնենք, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանագները հայտարարել էին, որ չեն ճանաչում Արցախում նախագահական ընտրությունները՝ միաժամանակ նշելով, որ կարևոր են համարում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների շուրջ համախմբումը՝ Բաքվի հետ բանակցությունների համար, որոնց պատրաստակամ են աջակցել․ պաշտոնական Մոսկվան չէր մեկնաբանել Շահրամանյանի ընտրությունը։
«Աշխարհաքաղաքական դերակատարներից, որքանով ես եմ հետևել, երևի թե միայն ՌԴ-ն է, որ որևէ բացասական արձագանք նախագահ Շահրամանյանի ընտրությանը չի արել։ Էստեղից կարող ենք անել հետևություններ, թե որքան էլ փորձեն [Հայաստանի] իշխանությունները քարոզել, տարածել, թե Արցախը չունի դաշնակիցներ, Արցախն ունի դաշնակիցներ, և դա տեսանելի է թե՛ հրապարակային և թե՛ ոչ հրապարակային ելույթների հետ կապված»,- ասել է Մամիջանյանը։
Ի պատասխան լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք պնդել, որ Մոսկվան ու Բաքուն Արցախի նոր իշխանությունների հետ հաշվի են նստում, Մամիջանյանը կրկնել է․ «Արցախը շարունակում է ունենալ հզոր դաշնակիցներ»։
Մամիջանյանի՝ Արցախի «հզոր դաշնակից ունենալու» պնդումից մեկ շաբաթ չանցած՝ սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց Արցախում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։
Ռուս խաղաղապահները, ի հեճուկս վերոհիշյալ համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունների, որևէ գործողություն չձեռնարկեցին Արցախում քաղաքացիական բնակչությանն ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու համար։ Ավելին, ռուսական կողմը գռեհիկ և սպառնալից քարոզչության միջոցով լծվել է իր ստանձնած պարտավորությունների ոչ պատշաճ կատարումը քողարկելու գործին․ «Իրազեկ քաղաքացիների միավորումն» ամփոփել է թեմայի վերաբերյալ Կրեմլի քարոզչական թեզերն ու կեղծ պնդումները։
Պաշտոնական Մոսկվան հայտարարությունների մակարդակում ևս չի պաշտպանել Արցախը՝ այդպես էլ չի քննադատել Բաքվի ագրեսիան ու ռազմական գործողությունները դադարեցնելու հասցեական պահանջ չի ներկայացրել․ Զախարովան էլ, մասնավորապես, «կողմերին էր կոչ անում» դադարեցնել կրակը։
Ավելին, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակը, լեգիտիմացնելով Արցախի դեմ ագրեսիան, հայտարարել է, որ Ադրբեջանն «իր դե յուրե տարածքում է ռազմական գործողություններ իրականացնում՝ Լեռնային Ղարաբաղում»։
«Ուստի Հայաստանի մեղադրանքները, թե ռուս խաղաղապահները չեն կատարել իրենց պարտավորությունները, անհիմն են։ Դե յուրե, այժմ խոսքը գնում է իր տարածքում Ադրբեջանի Հանրապետության գործողությունների մասին»,- ասել է Պեսկովը։
Փաստացի, ընդամենը մեկ շաբաթ անց Մամիջանյանի գնահատականից, թե նոր նախագահի ընտրությամբ պայմանավորված Արցախը ի դեմս ՌԴ-ի հզոր դաշնակից ունի, Արցախը ենթարկվեց լայնամասշտաբ հարձակման՝ ռուսական պատասխանատվության գոտում։ Ընդ որում, «հզոր դաշնակիցը» ոչ միայն չկանխեց քաղաքացիական բնակչության զանգվածային բռնությունը, այլ նաև պաշտպանեց Բաքվի գործողությունները պաշտոնական հայտարարությունների մակարդակում։
Նանե Մանասյան