«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել է սոցիալական ցանցերում տարածվող լուսանկարին, որում Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն Ուկրաինայի Լվով քաղաքի համալսարանում կրկնում է Ադոլֆ Հիտլերի հայտնի ձեռքի ժեստը:
Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ Բորիս Ջոնսոնն իրոք վերջերս Ուկրաինա կատարած իր այցի ընթացքում եղել է Լվովի ազգային համալսարանում և մասնակցել համալսարանականների հետ հանդիպմանը: Սակայն այդ միջոցառման լուսանկարների ուսումնասիրությունը փաստում է, որ նման ողջույնի ժեստ չի եղել, իսկ շրջանառվող լուսանկարը կեղծ է:
Ղազախստանյան Factcheck.kz-ն ստուգել է սոցիալական ցանցերում ամիսներ առաջ ինտենսիվորեն տարածվող տեսանյութը, որում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, իբր, ասում է, թե Չինաստանը դեռ չի օգնում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում, քանի որ ՌԴ-ն առանց դրա էլ կարողանում է միայնակ հաղթել աշխարհի ավելի քան 50 երկրների:
Ղազախստանցի փաստեր ստուգողները, սակայն, ուսումնասիրելով Ծինփինի մասին առկա ողջ պաշտոնական լրատվությունը, չեն գտել որևէ սկզբնաղբյուր, համաձայն որի, Չինաստանի ղեկավարը երբևէ նման բան ասած կլիներ, ուստի, եզրակացրել են ֆակտչեկերները, տեսանյութը կեղծ է:
Ռուսական Проверено-ն գնացել է անցած շաբաթ սոցիալական ցանցերում տարածվող լուրի հետևից, ըստ որի, Ուկրաինայի Խերսոնի մարզի՝ ՌԴ կողմից օկուպացված բնակավայրերում դպրոցական դասագիրք է լույս տեսել՝ «Ինչպես չտրվել գեյ-քարոզչությանը» վերնագրով: Լուրը տարածողները կից ներկայացնում էին նաև դասագրքի շապիկի լուսանկարը և պնդում, որ այն հավանության է արժանացել Խերսոնի մարզի օկուպացիոն վարչակազմի ղեկավարի կողմից:
Ռուսաստանցի փաստեր ստուգողները, սակայն, ուսումնասիրելով հասանելի բաց տեղեկատվությունը, եկել են եզրահանգման, որ նման դասագիրք, ամենայն հավանականությամբ, գոյություն չունի: Բացի դա, դասագրքի շապիկի դիզայնը հուշում է, որ այն պատրաստվել է հապճեպ՝ անվճար ու շաբլոնային դիզայներական գործիքների միջոցով, և ըստ ամենայնի՝ ընդամենն այն լուսանկարելու և համացանցում հրապարակելու նպատակով:
Աշխարհ
Ամերիկյան Politfact-ն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին վերագրվող հայտարարությանը, թե Միացյալ Նահանգները, իբր, պատրաստվում են ավելացնել էքստրեմալ եղանակային պայմանները:
Ամերիկացի փաստեր ստուգողները պարզել են, որ Բայդենի խոսքերը կտրված են կոնտեքստից: Իր ելույթում Ջո Բայդենն իրականում ասել է, որ ի պատասխան էքստրեմալ եղանակային պատահարների ավելացմանը, կառավարությունն օգտագործելու է իր տրամադրության եղած ողջ հնարավորությունները: Միևնույն ժամանակ, ֆակտչեկերներն իրոք արձանագրել են, որ Բայդենի բանավոր խոսքում տեղ է գտել վրիպակ, որը, սակայն, շտկվել է Սպիտակ տան տարածած սղագրության մեջ:
Վերջերս Ֆեյսբուքի ամերիկացի օգտատերերի շրջանում սկսել էր մի հաղորդագրություն շրջանառվել, ըստ որի՝ սոցիալական ցանցը պետք է դառնար վճարովի՝ ամսական $7,99-ի չափով:
Snopes-ի փաստեր ստուգողները, սակայն, պարզել էին, որ խուճապի ոչ մի հիմք չկա և հաղորդագրությունը կեղծ է: Ֆեյսբուքը, հակառակը, նախկինում էլ նման ապատեղեկատվությունների անդրադառնալիս նշել է, որ չի պատրաստվում երբևէ վճարովի դարձնել սոցիալական ցանցից օգտվելը:
Պատրաստեց Վահե Ղուկասյանը