«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել է ռուսալեզու տեղեկատվական տիրույթում շրջանառվող տեղեկությանը, թե թուրքական Le Man ամսագիրը ծաղրանկար է հրապարակել իր շապիկին՝ Վրաստանում ամերիկյան The Killers խմբի համերգի ժամանակ սուլած վրացիների մասին:
Օգոստոսի 15-ին վրացական ծովափնյա Շեկվետելի հանգստավայրում տեղի էր ունեցել ամերիկյան ռոք-խմբի համերգը, որն ավարտվել էր սկանդալով․ ինչ-որ պահի The Killers-ի վոկալիստը ցանկացել էր բեմ հրավիրել հանդիսատեսի շարքերում գտնվող ռուս թմբկահարի: Տեղացի հանդիսատեսը բողոքի սուլոցներով էր ընդունել այդ որոշումը, ինչից հետո երաժիշտները ներողություն էին խնդրել:
Վրաստանցի փաստեր ստուգողները, ըստ այդմ, ուսումնասիրելով Le Man-ի սոցիալական էջերը, պարզել են, որ թուրքական ամսագրի շապիկին այդպիսի ծաղրանկար չի եղել, հետևաբար՝ դա ապատեղեկատվություն է:
Ղազախստանյան Factcheck.kz-ն ստուգել է դեռ օգոստոսին Յութուբում հայտնված մի տեսանյութ, որում ոմն Էգոն Չոլակյան պատմում է մոլորակում սպասվող կլիմայական աղետի մասին ու կոչ անում աշխարհի առաջնորդներին պայքարել դրա դեմ:
Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ Էգոն Չոլակյանի մասին տեղեկությունները հակասական են․ Linkdin-ում նրա կենսագրությունը կասկածելիորեն հարուստ է․ օրինակ՝ նշվում է, թե նա աշխատել է Հարվարդում, սակայն Հարվարդի աղբյուրներում Չոլակյանի անունը հիշատակվում է միայն մեկ անգամ՝ որպես ինչ-որ միջոցառման մասնակից: Չոլակյանը, ըստ ղազախստանցի ֆակտչեկերների, իրոք ակտիվորեն մասնակցում է տարբեր գիտական սեմինարների ու միջոցառումների:
Կասկածելի են նաև Չոլակյանի նշած՝ կլիմայական աղետի պատճառները: Ըստ Չոլակյանի, կլիմայական փոփոխությունների պատճառներն արտաքին են՝ կապված տիեզերական ճառագայթման հետ, որի հետևանքով փոխվում է Երկրի առանցքը, թթվային են դառնում օվկիանոսները, իսկ Երկրի միջուկը ապակայունանում է: Այս բոլոր խնդիրները, իրոք, գոյություն ունեն, սակայն գիտնականների մեծ մասը կարծում է, որ այդ ամենը ավելի շատ կապված է մարդկության գործունեության, այլ ոչ թե տիեզերական ճառագայթման հետ:
Ռուսական Проверено-ն Էլվիս Փրեսլիի այրի Փրիսցիլա Փրեսլիի և «Սիսթեմ օֆ ը Դաուն» խմբի բասիստ Շավո Օդաջյանի օրինակով ցույց է տվել, թե ինչպես են աշխատում ֆեյքերը ռուսալեզու տիրույթում և ինչպես են դրանք տարածում գտնում նույնիսկ ռուսական դաշնային հեռուստաալիքներում:
Մասնավորապես, ռուսաստանցի փաստեր ստուգողներն անդրադարձել են վերջերս տարածված երկու նույնաբովանդակ տեսանյութերի, որոնցում Փրիսցիլան և Շավոն, իբր, կոչ են անում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ազատվել ալկոհոլային և թմրանյութային կախվածությունից:
Տեսանյութերի ուսումնասիրությունը, սակայն, ակնհայտ է դարձնում, որ դրանք կեղծված են, ինչը, սակայն, չի խանգարել, որ դրանց մասին խոսվի նույնիսկ ռուսական հեռուստաալիքների եթերում:
Աշխարհ
Reuters-ի փաստեր ստուգողներն ուշադրություն են դարձրել համացանցում BBC-ի տարբերանշանով տարածվող մի տեսանյութի, որում ասվում է, թե ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, իբր, ստեղծել է նոր գերհամակարգիչ, որը կկարողանա ինքնուրույն ներդրումներ անել: Գումարած դրան, տեսանյութում օգտագործվում է BBC-ի իրական հաղորդավարի խոսքից մի հատված, որում վերջինս ասում է, թե Եվրամիության քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի աշխատել:
Պարզվել է, որ տեսանյութը կեղծիք է: BBC-ից էլ հերքել են, որ երբևէ նման տեղեկություններ են հաղորդել:
Snopes-ի փաստեր ստուգողներն էլ անդրադարձել են համացանցում տարածվող մի լուսանկարի, որի նկարագրությունում նշվում է, թե պատկերված են մոխրագույն կետի առջևի լողակի ոսկորներն ու մարդու ձեռքը:
Ֆակտչեկերները պարզել են, որ թեև համեմատությունը, ընդհանուր առմամբ, տեղին է և մարդկային ձեռքի ու կետի լողակի ոսկորների կառուցվածը շատ նման են, իսկ լուսանկարն էլ իրական է, այդուհանդերձ, կա մի փոքր անճշտություն:
Լուսանկարում ոչ թե մոխրագույն կետի, այլ կաշալոտի ոսկորներ են:
Պատրաստեց Վահե Ղուկասյանը