Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը բրիտանական BBC-ին տված հարցազրույցի ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանն առաջարկվել են նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիներին՝ «լեզվական, մշակութային, կրոնական, ներառյալ մունիցիպալ իրավունքները»։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմից հետո պաշտոնական Բաքուն և Ադրբեջանցի պաշտոնյաները պարբերաբար կրկնում են, որ Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությունը որևէ հատուկ կարգավիճակ չի ստանալու և նրանք ապրելու են այնպես, ինչպես «Ադրբեջանի մյուս քաղաքացիները»։
Արցախի շրջափակման սկզբնական շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքը բաց է նրանց համար, ովքեր չեն ուզում ապրել որպես «Ադրբեջանի քաղաքացի»։
«Ղարաբաղում ապրող հայերը չեն ունենալու որևէ կարգավիճակ, անկախություն կամ առավելություն։ Նրանք կապրեն այնպես, ինչպես Ադրբեջանի բոլոր քաղաքացիները։ Նրանց իրավունքները կպաշտպանվեն այնպես, ինչպես պաշտպանվում են Ադրբեջանի քաղաքացիների և այն մարդկանց իրավունքները, [որոնք] ապրում են Ադրբեջանում»,- այս տարվա հունվարին հայտարարել էր Իլհամ Ալիևը։
Արցախի հայ բնակչությանն Ադրբեջանի մյուս քաղաքացիներին հավասար իրավունքներ տալու Ադրբեջանի խոստումները և Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին իրական տվյալները, սակայն, որևէ կերպ չեն հաստատում հայերի՝ Ադրբեջանում ադրբեջանական բնակչությանը հավասար իրավունքներ ունենալու հնարավորությունը։
Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունները
Ադրբեջանի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասերից է երկրի «մշակութային և էթնիկ բազմազանությունը», որն Ադրբեջանն օգտագործում է երկրի իմիջի և Ադրբեջանը որպես հանդուրժողական և ներառական արժեքներ ունեցող երկիր ներկայացնելու համար:
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունները կազմում են երկրի բնակչության շուրջ 6 տոկոսը։ Ամենամեծ թիվ կազմում են լեզգիները և ռուսները։ Երկրում ապրում են նաև թալիշներ, թաթեր, ավարներ, վրացիներ և հրեաներ։
Ադրբեջանի էթնիկ կազմը զգալիորեն փոխվել է Արցախյան շարժման և Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, երբ արտաքսվեց երկրի մեծաթիվ հայ բնակչությունը։ Նույն շրջանում Ադրբեջանը լքեցին նաև մեծ թվով ռուսներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիները հիմնականում բնակություն հաստատեցին Ադրբեջանում՝ երկիրը դարձնելով ավելի միատարր։
Սրան զուգահեռ, Ադրբեջանի՝ հանդուրժողականության քողի տակ տարած իրական քաղաքականությանը բնորոշ են ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներն ու բռնությունը։
Ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումները
Չնայած երկրի սահմանադրությունը և օրենքները սահմանում են հավասար իրավունքներ երկրի բոլոր քաղաքացիների համար, իսկ Ադրբեջանն էլ վավերացրել է խտրականությունը արգելող մի շարք կոնվենցիաներ, սակայն բազմաթիվ միջազգային կազմակերպություններ պարբերաբար զեկուցում են երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտումների և ճնշումների մասին։
Ըստ միջազգային Freedom House կազմակերպության՝ Ադրբեջանը կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ է՝ քաղաքական, սոցիալական և մեդիա ազատության ցուցանիշներում զբաղեցնելով աշխարհում վերջին հորիզոնականները։
Ըստ Չներկայացված ազգերի և ժողովուրդների կազմակերպության 2018 թվականի զեկույցի՝ Ադրբեջանն ազգային փոքրամասնությունների ձուլման քաղաքականություն սկսել է հետանկախության շրջանում, որոշ դեպքերում արհեստականորեն նվազեցնելով պաշտոնական վիճակագրությունում լեզգիների և թալիշների թիվը՝ ներկայացնելով նրանց որպես ադրբեջանցի։ Ադրբեջանի թալիշ համայնքը երբեմն փորձում է նաև բողոքել Ադրբեջանի իշխանությունների խտրական քաղաքականության դեմ։
Ըստ բազմաթիվ զեկույցների՝ Ադրբեջանը շարունակական ձուլման քաղաքականություն է վարում երկրի ազգային փոքրամասնությունների նկատմամբ՝ խախտելով էթնիկ փոքրամասնությունների՝ իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու, թերթեր հիմնելու և տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրենց մայրենի լեզվով հաղորդակցվելու իրավունքը։ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ենթարկվում են «սպառնալիքների, ձերբակալությունների, որոշ դեպքերում նաև կալանավորման»։
Ադրբեջանում խախտվում են նաև կրոնական փոքրամասնությունների իրավունքները։ Չնայած երկիրը աշխարհիկ է, բնակչության մեծամասնությունը հետևում է իսլամի շիա ուղղությանը, մինչդեռ սուննի ուղղության հետևորդները ենթարկվում են խտրականության և գրաքննության պետության կողմից, որը փորձում է դադարեցնել կրոնական այս ուղղության տարածումն Ադրբեջանում։
Ադրբեջանում երբեմնի մեծ քրիստոնեական համայնքը՝ բաղկացած հայերից և ուդիներից, գրեթե վերացել է։ Ներկայում, ըստ տարբեր աղբյուրների, Ադրբեջանի տարածքում բնակվում են Հայ-առաքելական եկեղեցու հետևորդ մինչև 4000 ուդիներ։ Ուդիները հաճախ օգտագործվում են Ադրբեջանի իշխանության կողմից որպես քարոզչական գործիք՝ ներկայացնելու երկրի բազմազանությունն ու հանդուրժողականությունը։
Ադրբեջանի հայկական բնակչությունը
Ըստ վիճակագրության, 1926-1979 թվականներին Ադրբեջանում հայ բնակչության թիվը 280 հազարից դարձել է 475 հազար՝ տարբեր տարիներին կազմելով երկրի բնակչության 7-10 տոկոսը։ Հետխորհրդային Ադրբեջանի տարածքում հայ բնակչության թիվը գրեթե հավասարվել է զրոյի՝ չնայած Ադրբեջանը պնդում է, թե երկրի տարածքում բնակվում են ավելի քան հարյուր քսան հազար հայեր` ներառելով նաև Արցախի բնակչությունը, իսկ միայն քսան հազար հայ բնակվում է Բաքվում։
https://dev.fip.am/2087
Ադրբեջանում հայ բնակչության էթնիկ զտման վառ օրինակ է նաև Նախիջևանը։ Ադրբեջանին պատկանող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում 1917 թվականին բնակվում էին շուրջ 57 հազար հայեր՝ կազմելով ընդհանուր բնակչության շուրջ 40 տոկոսը։ Հաջորդող տարիներին՝ մինչև 2000-ականների սկիզբը, Նախիջևանի հայ բնակչությունը հավասարվեց գրեթե զրոյի՝ Ադրբեջանի վարած քաղաքականության հետևանքով։
Ադրբեջանի կողմից Նախիջևանի հայկական մշակութային և պատմական հետքերի վերացման քաղաքականությունը բնութագրվել է որպես «21-րդ դարի վատագույն մշակութային ցեղասպանություն»: Տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հովանավորչությամբ հողին են հավասարվել մի քանի հազար պատմական հայկական հուշարձաններ։
Ամփոփելով՝ կարող ենք նշել, որ ըստ վիճակագրական տվյալների և մարդահամարի արդյունքների, Ադրբեջանի ադրբեջանական բնակչության կազմը զգալիորեն աճել է վերջին հարյուր տարիների ընթացքում, մինչդեռ ազգային փոքրամասնությունների տոկոսը ընդհանուրում` նվազել։ Այսպես, 1926 թվականին ադրբեջանցիների թիվը երկրում ընդհանուր բնակչության 62 տոկոսն էր, ըստ 1939 թվականի մարդահամարի` շուրջ 58 տոկոսը։ 2019 թվականի տվյալներով արդեն ադրբեջանցիները կազմում են երկրի բնակչության շուրջ 94 տոկոսը։
Անի Ավետիսյան