Հայաստանյան սոցիալական մեդիայում տարածվում է BRICS (Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավ-Աֆրիկյան Հանրապետության տնտեսական համագործակցության հարթակ) երկրների առաջնորդների համատեղ արարողակարգային լուսանկարը։
Դրանում ՌԴ դրոշի առջև, իբրև թե, այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն նրա նկարով համակարգչային մոնիտոր է տեղադրված։
Լուսանկարը տարածվել է BRICS երկրների՝ օգոստոսի 22-ին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում կայացած հերթական հանդիպումից հետո, որին Պուտինի փոխարեն մասնակցել է երկրի Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը․ ՌԴ նախագահը գագաթնաժողովի մասնակիցներին միայն տեսաուղերձով է դիմել։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ BRICS-ի հանդիպումից հայաստանյան սոցիալական մեդիայում տարածվող լուսանկարը հին է և խմբագրված։
Այն 2015 թվականի նոյեմբերին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում BRICS երկրների առաջնորդների առանձին հանդիպումից է․ դրանում երևում են Բրազիլիայի նախկին նախագահը և BRICS-ի մյուս չորս երկրների՝ առ այս պահը պաշտոնավարող առաջնորդները։
Լուսանկարը փաստում է՝ Վլադիմիր Պուտինը ֆիզիկապես ներկա է եղել այդ հանդիպմանը։
Այսպիսով, տարածվող լուսանկարը ոչ միայն BRICS վերջին հանդիպումից չէ, որին Պուտինը չի մասնակցել, այլ նաև խմբագրված է․ այն վերոհիշյալ հարթակի երկրների առաջնորդների մասնակցությամբ նախկինում եղած հանդիպումներից է, որին Պուտինը մասնակցել է և նրա փոխարեն համակարգչային մոնիտոր տեղադրված չի եղել ՌԴ դրոշի առջև։
Նանե Մանասյան