Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հուլիսի 13-ին ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարություններից երկու մեջբերում՝ դրանք միմյանց հետ բովանդակային հակադրության մեջ դնելով։
«Այն ամենը, ինչ պետք է իմանալ ստորագրություններով Լեռնային Ղարաբաղը «փրկողների» մասին։ Պատերազմից հետո առաջարկում էին ԼՂ-ն ամբողջությամբ թողնել Ադրբեջանին, իսկ հիմա կոչ են անում «Հայաքվե» նախաձեռնությանը միանալ ու հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- գրել է Չախոյանը։
Չախոյանի մեջբերած առաջին հայտարարության հեղինակը իսկապես Վանցեյանն է․ 2020 թվականի նոյեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին՝ հնարավո՞ր էր արդյոք չստորագրել Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, Վանեցյանը պատասխանում է․
«Եթե մենք հասել էինք այս հանգրվանին, ավելի լավ էր որևէ բան չստորագրել, թողնել Արցախը ամբողջությամբ Ադրբեջանին, եթե հասել էինք այս վիճակին, բայց որևէ բան չստորագրեինք՝ Սյունիքով տարածք չտայինք Ադրբեջանին, Քարվաճառ, Լաչինը չտայինք, պահեինք․․․ Քարվաճառը չէին կարող վերցնել, անհնար էր, Լաչինի մի մասն էլ կպահեինք, որից հետո ժամանակ կձգեինք և ռազմական ճանապարհով նորից կամ արդեն դիվանագիտական ճանապարհով կվերադարձնեինք մեր հողերը»։
Երկրորդ հայտարարությունը Վանեցյանն արել է ֆեյսբուքյան իր էջում 2023 թվականի հուլիսի 3-ին՝ հայտնելով, որ միացել է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության ստորագրահավաքին․ «․․կոչ եմ անում մեր հայրենակիցներին միանալ «Հայաքվե»-ի նախաձեռնությանը՝ ի լուր աշխարհի ազդարարելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Վարչապետի աշխատակազմի փոխղեկավարը, այսպիսով, կոնտեքստից կտրել է Վանեցյանի՝ 44-օրյա պատերազմից հետո արված հայտարարությունը․ դրանով Վանեցյանը չէր առաջարկում հանձնել Արցախը Ադրբեջանին, ինչպես պնդում է Չախոյանը։ Նա, ըստ էության, առաջարկում էր հայկական ուժերի մարտավարական նահանջի միջոցով ամրանալ բարենպաստ դիրքերում՝ Քարվաճառում և Լաչինում, («․․․Քարվաճառը չէին կարող վերցնել, անհնար էր, Լաչինի մի մասն էլ կպահեինք․․․»), չստորագրել փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքների վրա Բաքվի գերիշխանությունը ճանաչող փաստաթուղթ, ինչն արվել է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Այնուհետև, ըստ Վանեցյանի պատկերացման, հնարավոր կլիներ ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով վերադարձնել ԼՂՀ մյուս տարածքները։
Վանեցյանի երկրորդ հայտարարության մեջ արտահայտված է Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ունենալու վերաբերյալ նրա դիրքորոշումը։ Փաստացի, առաջին հայտարարությունը Արցախում հայկական կողմի կորցրած տարածքների վրա Բաքվի գերիշխանությունը չճանաչելու մասին առաջարկ է, իսկ երկրորդը՝ Արցախի ապագային՝ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ունենալու մասին դիրքորոշում։ Այս երկու մոտեցումներն իրար չեն հակասում։
Այսպիսով, Տարոն Չախոյանը մանիպուլացրել է Արթուր Վանեցյանի՝ տարբեր ժամանակներում արված հայտարարությունները՝ փորձելով ստեղծել հակասություններ դրանց միջև։
Նանե Մանասյան