Հուլիսի 8-ին թուրքական Aydınlık կայքը գրել էր, թե Թուրքիայի 2-րդ լիգայում խաղացող «Դիարբեքիրսպոր» ակումբը մտադիր է փոխել անունը և տարբերանշանը․ թուրքական աղբյուրը հրապարակման մեջ տեղադրել էր նաև ակումբին վերագրվող նոր տարբերանշանի նկարը, որը մեծամասամբ Հայաստանի Հանրապետության զինանշանի կրկնօրինակումն էր։
Այս տեղեկությունը հանգստյան օրերին տարածվել է ինչպես թուրքական մամուլում, այնպես էլ հայաստանյան տեղեկատվական տիրույթում․ «Դիարբեքիրսպորին» վերագրվող նոր տարբերանշանի նկարները ակտիվորեն տարածվել են սոցիալական մեդիայի հայալեզու հատվածում։
Պնդումը՝ թուրքական մամուլին հղումով, արդեն երկուշաբթի՝ հուլիսի 10-ին, արտատպել են նաև մի հայաստանյան շարք ԶԼՄ-ներ՝ News.am, BacTV և այլն։
«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, որ այս տեղեկությունը հերքվել է «Դիարբեքիրսպոր» ակումբի կողմից դրա տարածման հենց նույն օրը՝ հուլիսի 8-ին․ ակումբի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է պարզաբանում, համաձայն որի, ակումբի գործող անունն ու տարբերանշանը կրելը «մեծ պատիվ է» իրենց համար․ «Մեզ համար շատ կարևոր է այս անունն ու տարբերանշանը ավելի բարձր լիգաներ հասցնելը»։
Հատկանշական է, որ հայաստանյան լրատվամիջոցները թուրքական ակումբի տարբերանշանի փոփոխության լուրն արտատպել է հուլիսի 10-ին, երբ լուրն արդեն երկու օր է՝ հերքված է ակումբի ղեկավարության կողմից։
Այսպիսով, պնդումը, թե «Դիարբեքիրսպոր» ակումբը ՀՀ զինանշանի նմանությամբ նոր տարբերանշան ունի, կեղծ է։
Նանե Մանասյան