«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge) շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ուկրաինական պատերազմի վերաբերյալ տարածվող կեղծ լուրերը վրացական առցանց հարթակներում: Այս շաբաթ վրաստանցի փաստերը ստուգողներն ուսումնասիրել են Ֆեյսբուքի օգտատերերից մեկի գրառումը, ըստ որի՝ Ուկրաինայում հաշմանդամություն ունեցող անձինք զորակոչվում են բանակ:
«Հաշմանդամություն ունեցող անձ առանց ոտքերի: Ուղարկում են պատերազմ: Երկիր 404»,- գրված է հրապարակման մեջ: Իրականում, սակայն, հաշմանդամություն ունեցող անձինք Ուկրաինայում կարող են զորակոչվել բանակ միայն ինքնակամ:
2022 թ. փետրվարի 24-ից՝ ռուսական լայնածավալ ներխուժումից հետո, 18-60 տարեկան ուկրաինացի բոլոր տղամարդիկ զորակոչվում են բանակ։ Այնուամենայնիվ, կան բացառություններ. մասնավորապես, 1-3-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք կամ զինծառայության համար ոչ պիտանի անձինք ենթակա չեն զորակոչի՝ ըստ հատուկ բժշկական հանձնաժողովի կարգավորումների: Հաշմանդամության ավելի թեթև կարգ ունեցողները, այնուամենայնիվ, կարող են զորակոչվել՝ անմիջական ռազմական գործողությունների չմասնակցելով, օրինակ, ներգրավվելով խրամատների փորման կամ սննդի մատակարարման աշխատանքներին: Հաշմանդամություն ունեցող անձինք կարող են զորակոչվել նաև սեփական դիմումի համաձայն:
Ադրբեջանական Fakt Yoxla-ն բացահայտել է ադրբեջանական կայքերի տարածած կեղծ լուրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասին: Մասնավորապես, Qafqazinfo.az կայքը հայտնել է, որ Արարատ Միրզոյանը հայտարարություն է արել, որ «Զանգեզուրի միջանցքը արգելափակում է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը»։ Նյութը արտատպել են նաև այլ կայքեր: Որպես լուրի աղբյուր՝ դրանք նշել են «Sputnik Արմենիա» գործակալությունը։ Սակայն ադրբեջանցի փաստեր ստուգողներն ուսումնասիրել են նույն օրը գործակալության կայքում հրապարակված՝ Արարատ Միրզոյանի 3 հայտարարությունները, և եզրակացրել, որ հաղորդագրություններից ոչ մեկում չի նշվում, որ Միրզոյանն ասել է, որ «Զանգեզուրի միջանցքն արգելափակում է Իրանը, ոչ թե Հայաստանը»։ Ադրբեջանցի փաստեր ստուգողները պարզել են, որ իրականում նմանատիպ հայտարարություն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Լրագրողների հետ զրույցում նա ասել է. «Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, այս խնդիրը կապված չէ Հայաստանի հետ: Զանգեզուրի միջանցքի խնդիրը կապված է Իրանի հետ»:
(Հեղ. Նշենք, որ, Ադրբեջանի պաշտոնյաներն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման սկսել են ակտիվորեն շահարկել 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո: Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ չի պատրաստվում քննարկել Ադրբեջանին միջանցքի կարգավիճակով ուղի տրամադրելու հարցը):
Ռուսական Проверено медиа-ն ստուգել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե ռուսաստանցի երաժիշտ Էդուարդ Շառլոտը չի կարողանում լքել Երևանի օդանավակայանը ՌԴ անձնագիրը ցուցադրաբար այրելուց և Կիև տեղափոխվելու ցանկություն արտահայտելուց հետո: Ըստ օգտատերերի՝ նրան Երևանում հրաժարվել են երկիր թողնել փաստաթղթերի բացակայության պատճառով: Օգտատերերը և տելեգրամյան ալիքները գրել են, որ իր ծանր վիճակի մասին հայտնել է ինքը՝ երաժիշտը Ինստագրամում: Սակայն փաստեր ստուգողները, ուսումնասիրելով երաժշտի սոցցանցերը, նկատել են, որ նման գրառում նա չի արել: Ավելին՝ երգիչը նկարներ է հրապարակել բաց տարածքներից, և ակնհայտ է, որ նա օդանավակայանում փակված չէ: Հետագա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կեղծ գրառման աղբյուրը մի տելեգրամյան ալիք է, որը ջնջել է գրառումն այն բանից հետո, երբ այն տարածել է НТВ հեռուստաալիքի տելեգրամյան ալիքը:
Աշխարհ
Ամերիկյան Snopes-ն ուսումնասիրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը, թե երկրում ընտրություններ չեն կարող լինել, քանի դեռ պատերազմը չի ավարտվել: BBC-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Ուկրաինայի 2023 թվականի խորհրդարանական և 2024 թվականի նախագահական ընտրությունները տեղի կունենան միայն այն դեպքում, եթե մինչ այդ ռազմական դրությունն ավարտվի: Իսկապես, այս կարգավորումը արձանագրված է երկրի Սահմանադրությունում: Ըստ դրա, ռազմական դրության պայմաններում արգելվում է Ուկրաինայի նախագահի, ինչպես նաև Ուկրաինայի Գերագույն ռադայի, Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը:
Բրիտանական Reuters-ը ստուգել է Թվիթերում լայնորեն շրջանառված պատկերը, որում արձանագրված է, թե իբր հեղինակավոր Politico պարբերականը հայտնել է, թե 20 մլն ուկրաինացու մահ է անհրաժեշտ՝ Ռուսաստանի դեմ հաղթանակի համար:
Politico: “20 million Ukrainian lives are needed to return the territories back”
These are the most modest estimates. The MSM already in full swing admits the defeat of Ukraine in the conflict. pic.twitter.com/jvHq5p9twS
— Trollstoy (@Trollstoy88) June 29, 2023
Reuters-ին տված մեկնաբանությունում պարբերականի ներկայացուցիչ Էմմա Քրստիչը նշել է, որ Politico-ի կողմից նման վերնագրով կամ բովանդակությամբ հոդված չի հրապարակվել: Քրստիչը նաև ասել է, որ նկարի տեքստը չի համապատասխանում Politico-ի ոճին՝ հավելելով, որ քերականական և կետադրական սխալներ կան։ Հետևաբար, տարածված պատկերը կեղծ է:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը