Ազգային ժողովի նիստում մտքերի փոխանակման ժամին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքին, թե բազմաթիվ կուսակցություններ է փոխել, հայտարարեց․ «Այո՛, ես եղել եմ Կոմկուսի անդամ և շատ բարձր դիրքեր եմ գրավել մինչև 90 թիվը։ Այո՛, 91 թվականին ես ընդունվել եմ Ռամկավար ազատական կուսակցության շարքերը, որը մինչև հիմա չեմ լքել, և որևէ այլ կուսակցության անդամ չեմ եղել»։
Իրականում, սակայն, Վիգեն Խաչատրյանը անկուսակցական է։ Դա նշված է Ազգային ժողովի կայքում, պատգամավորի պաշտոնական կենսագրության մեջ։
2021 թվականի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված նախընտրական ցուցակում ևս Վիգեն Խաչատրյանը նշված է որպես անկուսակցական։
Այսպիսով փաստենք, որ չնայած Խաչատրյանը հայտարարում է, որ 1991 թվականից մինչ օրս համարվում է Ռամկավար ազատական կուսակցության անդամ և չի լքել այդ կուսակցության շարքերը, այնուհանդերձ, պաշտոնական կենսագրության մեջ ներկայացել է որպես անկուսակցական։
Սևադա Ղազարյան