«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:
Տարածաշրջան
Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել է վրացի օգտատերերի տարածած գրառումները, ըստ որոնց՝ մայիսի 8-9-ը Բեռլինում թույլատրել են ցուցադրել Ռուսաստանի դրոշները և ԽՍՀՄ խորհրդանիշները: Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ թեև նախորդ տարիներին ռուսական դրոշներն արգելված չեն եղել, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո իրավիճակը փոխվել է: Ըստ Բեռլինի ոստիկանության՝ ռուսական դրոշները կարող են ընկալվել որպես բռնության խորհրդանիշ՝ Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիվ պատերազմի պայմաններում: Այս հիմքով՝ ոստիկանությունը արգելել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի միջոցառումների ընթացքում ծածանել ռուսական դրոշները Բեռլինի փողոցներում:
Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է, թե արդյոք ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Ջեյն Գուդոլն ասել է, որ մարդկության խնդիրները կլուծվեն, եթե մոլորակի բնակչությունը կրճատվի 90%-ով: Գրառումներին կցվել է տեսանյութ, որում իբրև թե Գուդոլն արել է այդ հայտարարությունը: Տեսանյութը մի հատված է Գուդոլի պանելային ելույթից «Դավոս-2020» համաշխարհային տնտեսական ֆորումում։ Ելույթի ամբողջական տարբերակից կարելի է հասկանալ, որ նախ՝ նա 90%-ի մասին հայտարարություններ չի արել, և երկրորդ՝ եթե անգամ նա գերբնակեցման խնդրի մասին է խոսել, ապա այլ համատեքստում։ Գիտնականը գերբնակեցումը համարում է բնապահպանական խնդիրների պատճառներից մեկը, սակայն կոչ է անում դրա դեմ պայքարել ընտանիքի պլանավորման ծրագրերի և մատչելի կրթության միջոցով։
Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է ռուսական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունները, թե Խարկովում կարմրուկի համաճարակ է սպասվում, քանի որ Ուկրաինան ֆինանսներ խնայելու նպատակով չի գնել պատվաստանյութեր: Ուկրաինացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը կեղծ է: 2023 թվականին կարմրուկի դեմ պատվաստված երեխաների թիվն իսկապես նվազել է. Օրինակ՝ 2023 թվականի առաջին երկու ամիսներին երեխաների 15,․6%-ը (տարեկան պլանից դուրս) պատվաստվել է կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ, մինչդեռ այս ժամանակահատվածի համար անհրաժեշտ ցուցանիշը պետք է լինի առնվազն 17%-ը։ Սակայն մասնագետների կարծիքով, սրա պատճառը բնակիչների արտագաղթն է այլ երկրներ: Պատվաստումների անբավարար քանակն իսկապես կարող է հանգեցնել կարմրուկի բռնկման։ Սակայն 2023 թվականի սկզբից ամբողջ Ուկրաինայում գրանցվել է հիվանդության ընդամենը 6 դեպք, իսկ Խարկովի մարզում կարմրուկի դեպք չի գրանցվել։ Ուկրաինայում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2017-2019 թվականներին։
Աշխարհ
Ամերիկյան Politifact-ը ստուգել է դեռևս 2016 թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պարկինսոնի հիվանդություն ունի: Տարածված տեսանյութում նման պնդում է կատարում մի ֆլորիդացի բժիշկ, որը երբևէ Քլինթոնին չի զննել որպես հիվանդ: Ոչ մի ապացույց չկա, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պարկինսոնի հիվանդություն ունի: Պարկինսոնի հիմնադրամի նյարդաբանները և Քլինթոնի բժիշկը հերքել են ֆլորիդացի բժիշկի պնդումները դեռ 2016 թվականին:
Բրիտանական Reuters-ը ստուգել է Թվիթերում տարածված գրառումը, ըստ որի՝ Ֆլորիդայի նահանգն արգելել է Աստվածաշունչը դրանում նկարագրված բռնությունների, բռնաբարությունների և ցեղասպանությունների պատճառով: Թվիթի աղբյուրը HalfwayPost-ն է, որի նկարագրություններում նշված է՝ «Ես չեմ հրապարակում փաստեր, ես դրանք կատարելագործում եմ»: Չնայած նրան, որ լուրի հեղինակը ընդունում է, որ կատակային գրառումներ է կատարում, Աստվածաշնչի մասին գրառումը տարածվել է որպես ճշմարիտ տեղեկություն: Reuters-ը չի գտել որևէ վստահելի լրատվամիջոց, որը հայտնում է, որ Աստվածաշունչն արգելված է Ֆլորիդայում:
Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը