Հանրային հեռուստաընկերության եթերում «Հանրային քննարկում» հաղորդման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայտարարել է, որ 2022 թ. փետրվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի արարք է դարձել։
«Անգամ Ռուսաստանի տարածքում դուք այսօր չեք կարող հայտարարել, որ Արցախը Հայաստան է, քրեորեն պատժելի է, չի կարող։ Բացեք կարդացեք փետրվարի 22-ի հայտարարությունը. հստակ գրած ա, է… կողմերի քաղաքացիները և տարածքում կասկածի տակ դնելու իրավունք չկա մյուսի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ եթե դու ասում ես Արցախը Հայաստան է, դու կասկածի տակ ես դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրա համար պատասխանատվության ես ենթարկվում»,- ասել է նա և պնդել, որ նախադեպեր կան։
Բանավեճի մասնակիցներից «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը հակադարձել է, որ նման բան չկա, հակառակ դեպքում ադրբեջանական նախագահականից ուղղակի ֆինանսավորվող երեք կայքեր, այդ թվում և haqqin.az-ը, չէին արգելափակվի Ուկրաինայի պատերազմում բացահայտ հակառուսական դիրքորոշում ունենալու համար։
«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե արդյո՞ք նշված համաձայնագրում նման արգելք կա։
Կողմերի միջև դաշնակցային համագործակցության մասին 43 կետից բաղկացած հռչակագրում տարածքային ամբողջականության հարցին անդրադարձ կա 1-ին և 11-րդ կետերում։
1-ին կետով սահմանվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունն իրենց հարաբերությունները կառուցում են նաև տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի հիման վրա։
Իսկ 11-րդ կետով մասնավորապես նշվում է՝ Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը վճռականորեն խափանում են/կանխում են (пресекают-խմբ.) իրենց տարածքներում գործող կազմակերպությունների և անձանց գործունեությունը՝ ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:
Այսպիսով, Արա Պապյանի պնդումը, թե միմյանց տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեորեն պատժելի է, մասամբ ճիշտ է. թեև հռչակագրում կոնկրետ սահմանված չէ պատժի քրեականացումը, սակայն նշվում է, որ կողմերը վճռականորեն խափանում/կանխում են «իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը»` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ:
Նելլի Լազարյան